Հարցազրույց

Փաստաբանության շարքերում չպետք է լինեն արտոնյալ երևույթներ. Սիմոն Բաբայան

13 րոպեի ընթերցում

Փաստաբանության շարքերում չպետք է լինեն արտոնյալ երևույթներ. Սիմոն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության կարգի, Փաստաբանական դպրոցի կողմից իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի, Հայաստանի փաստաբանական համայնքի առջև առկա մարտահրավերների, փաստաբանների վարքագծի հետ կապված խնդիրների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, ի՞նչ մարտահրավերներ առջև է կանգնած Հայաստանի փաստաբանությունը:

-Ես առիթ եմ ունեցել շփվելու թե հետխորհրդային, թե եվրոպական երկրների փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հետ և ամենայն պատասխանատվությամբ պետք է ասեմ, մեր երկիրն այս առումով հպարտանալու տեղ ունի: Մեր փաստաբանական ինստիտուտը շատ առումներով ավելի կայացած է, քան հարևան երկրների փաստաբանական համայնքները: Մեր փաստաբանական դպրոցի փորձն օգտագործվում է նաև եվրոպական երկրներում, իսկ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից դիմում են մեզ` մեր դպրոցի փորձը փոխառելու նպատակով:

Անդրադառնալով խնդիրներին` նշեմ, որ մենք գիտակցում ենք, որ մեր շարքերում առկա են որոշակի երևույթներ, որոնք պետք է բացառվեն: Այդ խնդիրը լուծելու ուղղությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը բազմաթիվ կարգապահական վարույթներ է հարուցել` հատկապես վերջին շրջանի հնչեղ վարույթները, որոնք կապված են տարբեր երևույթների հետ: Մենք խնդիր ունենք հավուր պատշաճի կայացնել մեր փաստաբանական ինստիտուտը, իսկ փաստաբանի վարքագծի կանոնները այն բացառիկ նորմերն են, որոնք պարտադիր են յուրաքանչյուր փաստաբանի համար և փաստաբանության շարքերում չպետք է լինեն արտոնյալ երևույթներ: Մենք բոլորս հավասար ենք փաստաբանական վարքագծի կանոնների առջև` ինչպես մեկ օր առաջ փաստաբանի արտոնագիր ստացած անձը, այնպես տասը տարվա փաստաբանական պրակտիկա ունեցող փաստաբանը. դա մեր մոտեցումն է:

՞նչպես են զարգանում Հայաստանում դատարան-փաստաբան հարաբերությունները:

-Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ փաստաբաններն ընդվզել էին դատարանների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով (դատարանները շատ դեպքերում հրաժարվում էին գործերը վարույթ ընդունել` առանց պատճառների բացատրության-հեղ.): Այդ դեպքերից հետո կատարվեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որից հետո իրավիճակը անհամեմատելի լավացել է, ինչը կարելի է քայլ առաջ համարել:

-Հայաստանում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում:

-Տարիներ առաջ արդարադատության համակարգում փաստաբանը որպես սուբյեկտ չէր ընկալվում: Մենք ունեինք դեպքեր, երբ անձը ուզում էր իրականացնել իր վստահորդի պաշտպանությունը, բայց նրան թույլ չէին տալիս դա կատարել: Ի վերջո` հասարակությունը չընդունեց այդ մոտեցումները, այդ խնդիրները լուսաբանվեցին մամուլում, իր կարծիքը հայտնեց նաև ՄԻԵԴ-ը, և այսօր այդ խնդիրը վերացավ: Երկու տարի առաջ մենք հուշագիր ստորագրեցինք Ոստիկանության հետ, քանի որ նրանք հասկացան, որ իրավունքների խախտման առաջին ցուցիչը փաստաբաններն են: Ստեղծվել են համատեղ արագ արձագանքման խմբեր` փաստաբանների և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որոնք լուծում են լոկալ խնդիրներ: Օրինակ` փաստաբանը չի կարողանում իրացնել իր իրավունքները, նա դիմում է այդ հանձնախմբին, և տեղեկատվությունը հասնում է ընդհուպ մինչև ՀՀ ոստիկանապետ ու հարցը լուծվում է:

՞նչպես է իրականացվում փաստաբանների վերապատրաստման գործընթացը:

-Փաստաբանների պալատի հետ համատեղ մենք իրականացնում ենք փաստաբանների վերապատրաստման գործընթաց (օրենքով յուրաքանչյուր փաստաբան տարեկան 24 ժամ պետք է պարտադիր վերապատրաստվի, որից չորս ժամը` մասնագիտական էթիկայի վերաբերյալ դասընթացն է): Հայաստանի Հանրապետությունում գործում են 1600 փաստաբաններ, որոնց կարիքները պարզելու համար մենք կատարում ենք հարցումներ, թե արդյոք տվյալ փաստաբանը ինչ դասընթացների կարիք ունի: Այնուհետև` յուրաքանչյուր դասընթացից հետո մենք նաև հարցում ենք կատարում, թե ինչպես անցավ տվյալ դասընթացը ու ինչ նոր դասընթացներ կուզենային ներառվեր ապագայում:

՞նչ նոր ծրագրեր ունի Փաստաբանական դպրոցը:

-Առաջիկա նպատակը հեռավար ուսուցման հարթակի կատարելագործումն է: Այս պահին Համաշխարհային բանկի միջոցներով թվով 24 դասընթաց վերափոխվում է հեռավար դասընթացի չափանիշներին համապատասխան: Մեր երկրորդ կարևորագույն նպատակն է` մարզերի փաստաբաններին մեր դպրոցի ուսումնական գործընթացներին ավելի ակտիվ ներգրավելու խնդիրն է: Երևանի փաստաբանները ունեն արտոնություն, քանի որ կարող են ընտրել, օրինակ` ինչ վերապատրաստման դասընթացների մասնակցել: Մենք հուսով ենք, որ հեռավար ուսուցման դասընթացները կնպաստեն այդ խնդրի լուծմանը: Բացի այդ` մենք պետք է ավելի ակտիվացնենք Արդարադատության ակադեմիայի և արտասահմանում գործող նմանատիպ կառույցների հետ համագործակցությունը:

Մենք համագործակցում ենք նաև Արցախում գործող փաստաբանների հետ, որոնց համար գործում են արտոնություններ(օրինակ` ուսման վարձի հիսուն տոկոսի զեղչ): Նրանք մեզ մոտ սովորում են նաև հեռավար կարգով: ԼՂՀ պետական մարմինները և տեղի փաստաբանությունը գիտակցում են, որ անհրաժեշտ է օժանդակել իրենց փաստաբաններին, և մենք նրանց հնարավորություն տվեցինք ստանալ համապատասխան գիտելիքներ: Տեսահեռարձակման միջոցով մի քանի վերապատրաստման դասընթացների մասնակցել են նաև Արցախի փաստաբանները:

- ՀՀ փաստաբանական դպրոցում մեկնարկում է ընդունելությունների հերթական շրջանը:

- Փաստաբանական դպրոցում ընդունելության ընթացակարգը իրականացվում է թեստային համակարգով, որպեսզի հնարավոր չլինի անձի միջամտությունը քննական պրոցեսին: Նախօրոք բոլոր դիմորդներին տրամադրվում է 2500 հարցից բաղկացած շտեմարան, որը ուսումնասիրելուց հետո նրանք հանձնում են քննությունը` ընդ որում ոչ թե անձին, այլ համակարգչին, որը պատահականության սկզբունքով գեներացնում է 150 հարց: Դիմորդի համար դրական արդյունք է համարվում, եթե դիմորդը 150 հարցից հավաքում է 100 միավոր: Ներկայումս` մենք արդեն ընդունելության երկու շրջան իրականացրել ենք մասնագիտացված հոսքերով. քաղաքացիաիրավական հոսքում անցողիկ միավորները տատանվում են 134-141 միավորի սահմաններում, իսկ քրեական ուղղվածության հոսքում` 119-129 միավորի սահմաններում: Դիմորդների քանակի առումով մենք երբեք չենք դժգոհել: Որպես կանոն դիմորդների 30-40 տոկոսը չի կարողանում հանձնել ընդունելության քննությունները: Դիմորդների կրթական մակարդակը, ընդհանուր առմամբ, պատշաճ մակարդակի վրա է:

Փաստաբանական դպրոցում նաև առանց քննությունների երկրորդ ընդունելությունն է կազմակերպվում` հատուկ կատեգորիայի անձանց համար, որոնց թվին են պատկանում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձիք, ինչպես նաև դատավորի, դատախազի և փաստաբանի(տևական ժամանակ փաստաբանական պրակտիկան դադարեցրած անձիք) տասը տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձիք:

Հայաստանի փաստաբանական դպրոցը ստեղծվել է Ֆրանսիայում գործող նմանատիպ դպրոցի օրինակով: Ինչում է կայանում այս դպրոցի հիմնական գաղափարը` «բարձրագույն իրավաբանական կրթություն ունենալը դեռևս բավարար չէ, որպեսզի անձը կարողանա ազատ ինտեգրվել փաստաբանական միջավայր»: Դրա համար գոյություն ունի հատուկ ուսուցանող մասնագիտացված կառույց, որում իրավաբանական կրթություն ունեցող անձից կերտում ենք փաստաբան: Մեր դասընթացները կրում են խիստ մասնագիտացված բնույթ: Մենք սովորեցնում ենք մեր դպրոցի ունկնդիրներին, թե ինչպես պետք է իրականացվի փաստաբանի գործունեությունը յուրահատուկ տիպերով քրեական գործերում, թե ինչպիսի մարտավարական հնարքներ պետք է կիրառի փաստաբանը վերաքննիչ դատարանում հանդես գալուց և այլն:

-Փաստաբանական դպրոցի այս տարվա ձեռքբերումները:

-Այս տարի Փաստաբանական դպրոցում բացվեց դատական նիստերի դահլիճը: Ես շատ եմ կարևորում այդ իրադարձությունը, քանի որ ուսուցման գործընթացը մենք տեսնում ենք հենց փորձնական դատախաղերում, և փաստաբանը որպես անձի շահերի պաշտպան պետք է առաջին հերթին կարողանա պատշաճ հանդես գալ դատարանում:

Մեծ նվաճում եմ համարում Համաշխարհային բանկի և Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում մեր դպրոցում «Իրավաբանական կլինիկա»-ի հիմնումը: Մեր դպրոցի ունկնդիրների ուսուցման գործնական հատվածի ընթացքում, մենք որոշեցինք օգտակար լինել մեր հասարակությանը: Մենք ծրագրել ենք Հայաստանի ամբողջ տարածքով տրամադրել անվճար իրավաբանական օգնություն. ընտրվել են մարզկենտրոններից հեռու գտնվող բնակավայրերը, ինչպես նաև սահմանամերձ համայնքները:

Յուրաքանչյուր շաբաթը մեկ մեր «Իրավաբանական կլինիկա»-ի ունկնդիրներն, ըստ հերթականության, մասնագիտական խմբերով մեկնում են մարզեր` տրամադրելով անվճար իրավաբանական օգնություն: Եթե մենք հանդիպում ենք այնպիսի գործեր, որոնք ռեսուրսային առումով կարող է իր վրա վերցնել Փաստաբանական դպրոցը, ապա մենք այդ գործերը բերում ենք Երևան, կազմում ենք հայցադիմում կամ վերաքննիչ բողոք, ապա ուղարկում հասցեատիրոջը: Մենք այս ծրագիրը իրականացնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, որոնք իրականացնում են համապատասխան իրազեկման գործառույթներ տեղական հեռուստաընկերություններով, ռադիոյով և այլ ԶԼՄ-երով: Այս ծրագիրը մեկնարկել է երկու շաբաթ առաջ և առաջին մարզային այցը եղել է Ճամբարակ:

Բացի այդ` Հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ մենք իրականացնում ենք ևս մեկ ծրագիր: Ամեն հինգշաբթի օրը Հանրային պաշտպանի գրասենյակում բաց դռների օր է, որի ընթացքում մեր դպրոցի ունկնդիրները(արդեն երեք ամիս է)տրամադրում են անվճար իրավաբանական օգնություն բոլոր կարիքավորներին` անկախ նրանից արդյոք նրանք գտնվում են հանրային պաշտպանի իրավասության ներքո, թե ոչ:

-Համագործակցությունը Արդարադատության ակադեմիայի հետ:

-Մենք շատ լավ համագործակցում ենք Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ, և արդեն իրականացրել ենք փաստաբանների ու դատավորների համատեղ սեմինարներ, ինչը շատ հետաքրքիր և միևնույն ժամանակ արդյունավետ գործընթաց է: Բացի այդ` մենք պայմանավորվածություն ունենք Արդարադատության ակադեմիայում սովորող մեր ապագա դատավորներին ներգրավել մեր դպրոցի դատախաղերին:

-Սահմանադրական փոփոխությունների մասին ինչպիսի՞ դիրքորոշում ունեք:

-Փաստաբանն անկախ սուբյեկտ է: Փաստաբանների պալատը չունի ազդեցություն յուրաքանչյուր փաստաբանի վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը թույլատրում է վարքագծի կանոնների խախտում կամ փաստաբանը ունի պաշտպանության խնդիր, միայն այդ դեպքերում Փաստաբանների պալատը միջամտում է` այն էլ չմիջամտելով տվյալ փաստաբանի մասնագիտական գործունեությանը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու համար մեր պալատը ստեղծել էր համապատասխան հանձնաժողով, որը ներկայացրեց իր դիտարկումները, որոնց 30 տոկոսն ընդունվեց: Այսօր մի շարք փաստաբաններ չեն ընդունում տվյալ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչը յուրաքանչյուրի սուբյեկտիվ կարծիքն է:

Փաստաբանների պալատը չի միջամտել և չի պատրաստվում երբևէ միջամտել որևէ փաստաբանի գործունեությանը կամ ճնշում գործադրել նրանց կարծիքների վրա:

Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

-Օրենքի փոփոխությունը հիմնականում կապված է ընթացակարգային և տեխնիկական խնդիրների շտկման անհրաժեշություն հետ։ Որպես հասարակությանը հետաքրքրող կարելի է նշել՝ օրենքի կարգավորման առարկայի փոփոխությունը, կիրառվող օրենսդրության ընդլայնումը՝ մասնավորապես՝ վարչական օրենսդրությունը, փաստաբանների կողմից տեղեկատվության ստացման արագ դատական ընթացակարգի սահմանումը։

Հարցազրույցը` Հենրիխ Մարգարյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում