Սահմանադրական փոփոխությունների իրազեկման կենտրոնն օրական ստանում է 100 զանգ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների շուրջ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ստեղծված իրազեկման կենտրոնն օրական միջինում 100 զանգ է ստանում: Քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանում են ուսանող-իրավաբանները, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում և նպատակ ունեն անկախ իրազեկում ապահովելու:
«Արմենպրես»-ը լրագրողական փոքրիկ էքսպերիմենտ կատարեց` իրազեկման կենտրոնին հղելով 7 հարց. հիմնականում այն հարցերը, որոնք հաճախ են հնչում թե փորձագիտական, թե լրագրողական շրջանակների կողմից ու վերաբերում են հիմնականում կառավարման համակարգին, Ազգային ժողով-կառավարություն հարաբերություններին, անվստահություն հայտնելու հարցերին, պատգամավորների թվին, մեծամասնության ձևավորմանը, վերպետական կառույցներին անդամակցության պարագայում որոշումների կայացմանը և Սահմանադրության որոշ դրույթների` հանրաքվեի միջոցով կամ ԱԺ որոշման միջոցով փոփոխելու խնդիրներին:
Պատասխաններն հնչում են չեզոք, ներկայացվում են միայն նախագծի դրույթներն առանց մեկնաբանությունների, վկայակոչվում են հոդվածներ, իրազեկումը կատարվում է առանց հարցը տեղափոխելու «այո»-ի և «ոչ»-ի դաշտ:
Սահմանադրական փոփոխությունների հանրային իրազեկման կենտրոն, որը գործում է նոյեմբերի 9-ից, կարելի է կապվել 80-20 անվճար կարճ հեռախոսահամարով: Հանրային իրազեկման կենտրոնը ստեղծվել է հայաստանյան մի շարք բուհերի իրավաբան-ուսանողների նախաձեռնությամբ և նպատակ է հետապնդում հանրության շրջանում բարձրացնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: