Տնտեսություն

ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանի մասնաբաժինը 10 ամիսների կրտվածքով կազմել է 15.1 միլիարդ դրամ

2 րոպեի ընթերցում

 ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանի մասնաբաժինը 10 ամիսների կրտվածքով կազմել է 15.1 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսատուրքերից այս տարվա 10 ամիսների կտրվածքով Հայաստանի մասնաբաժինը կազմել է 15.1 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Փոխնախարարը պարզաբանեց նաև, թե ինչու է այս տարի Հայաստանի բաժինն այդքան քիչ կազմել: «Երրորդ երկրներից եկած մաքսատուրքերը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հավաքագրում են և ուղարկում ընդհանուր ֆոնդ, որտեղից Հայաստանը ստանում է ընդհանուր մաքսատուրքերի 1.13 տոկոսը: Քանի որ այս տարի Հայաստանում ու հատկապես Ռուսաստանում երրորդ երկրներից ներմուծումների էական նվազում է եղել, ընդհանուր ֆոնդի գումարը փոքր է եղել, ուստի մերն էլ փոքր կլիներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ալավերդյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանի մասնաբաժինը շատ քիչ է կազմել: Նա ընդգծեց, որ երբ խոսք էր գնում ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին, խոսվում էր, որ Հայաստանն այդ մաքսատուրքերից շուրջ 200 միլիոն դոլար պետք է ստանար: Արմեն Ալավերդյանը հստակեցրեց, որ այդ հաշվարկները կատարվել են 2013-2014թթ տնտեսական բարձր ցուցանիշների հիման վրա, սակայն երրորդ երկրներից ներմուծումների ծավալների նվազումն իր ազդեցությունն ունեցել է:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ արձանագրեց, որ 15 միլիարդ դրամը ընդամենը 10 ամիսների մասնաբաժինն է, իսկ տարին դեռ չի ավարտվել և այդ գումարն ավելանալու է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում