Նիկարագուան շահագրգիռ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները. դեսպան
2 րոպեի ընթերցում
![Նիկարագուան շահագրգիռ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները. դեսպան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/11/824501.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Առայան, որպես մեր երկրում Նիկարագուայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա միջպետական կապերի զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ փոխգործակցության իրական ներուժի բացահայտմանն ու Հայաստանի և Նիկարագուայի միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
Նիկարագուայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգիռ է զարգացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները և իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերը սերտացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ձևավորման ուղղությամբ ակտիվ աշխատանքը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Նիկարագուայի փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը: