Թբիլիսիում կայացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հայ համայնքի աջակցությամբ Թբիլիսիի Խորհրդարանի Գրադարանի Մեծ սրահում հոկտեմբերի 16-17-ը կայացավ թբիլիսահայ մանրանկարչուհի Գոհար Հակոբյանի մանրանկարների երկօրյա ցուցահանդեսը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, Վրաստանում ՀՀ փոխդեսպանը, վրացի արվեստագետներ, մշակութային գործիչներ, հայ և վրացի ուսանողներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից:

Գոհար Հակոբյանը ծնվել է Թբիլիսիում: Մանկությունն անցել է Թիֆլիսյան հին թաղամասում` Արծաթյա փողոցում, Սբ.Նշանի բակում: Մայրական գծով նրա նախնիները Ղարսից են, Փալդավան գյուղից: «Ես կրթությամբ նկարչուհի չեմ: Նկարել եմ 3 տարեկանից: Թեկուզև ողջ կյանքում չեմ զբաղվել նկարչությամբ, բայց այն միշտ եղել է ինձ հետ: Իմ առաջին առնչությունը մանրանկարչության հետ սկսվել է մի ձեռագիր մատյանից, որը գրված է եղել 1288թ. Արճեշ գյուղում` Վանից ոչ հեռու: Այն գտել էր պապիկիս ընտանիքը, տուն կառուցելու շինարարական աշխատանքների ընթացքում, կաշվե տոպրակի մեջ պահած: 1971 Մատենադարանից պատվիրակություն է գալիս ուսումնասիրելու այդ ձեռագիրը: Փող էին առաջարկում, բայց իմ տատիկն ասում էր. «Էրեխեքիս տարե՛ք, գիրքը չեմ տա»: Ես, իհարկե, իմ աշխատանքներում հետևում եմ միջնադարյան մանրանկարչության ընդհանուր սկզբունքներին, բայց միաժամանակ իմ գործերը շատ ինքնուրույն են, ես գտել եմ իմ ոճը, քանի որ միայն նկարներ պատճենելով մանրանկարչությունը չի կարող զարգանալ», ասաց Գոհար Հակոբյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Վրաստանի հայ համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը, հայտնի վրացի արվեստագետ Նինո Քավթարիան և ինքը` մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը:

«Ցեղասպանությունը մի սարսափելի բան էր, որը կատարվեց հայ ժողովրդի հետ, և այն բավականին հետ մղեց հայկական մշակույթի զարգացման ընթացքը: Ինձ շատ դուր եկան տիկին Գոհարի աշխատանքները, ես նրանցում ինքնուրույնություն նկատեցի, գեղեցիկ գունային գամա: Լավ է, որ նման մշակութային միջոցառումներ են իրականացվում, որոնք խթանում են երիտասարդների հետաքրքրությունը դեպի արվեստ», ասաց Վրաստանի Ձեռագրերի Ազգային Կենտրոնին կից Արվեստի պատմության դեպարտամենտի ղեկավար, արվեստագիտության դոկտոր Նինո Քավթարիան:

«Տիկին Գոհարը մեր Համայնքի բավականին ակտիվ անդամներից մեկն է: Մենք սիրով համաձայնեցինք ստանձնել Մեծ Եղեռնին նվիրված այս միջոցառման նախապատրաստական աշխատանքները: Պետք է նշեմ, որ տիկին Գոհարը տաղանդավոր նկարչուհի լինելուց բացի, նաև շատ հետաքրքիր անձնավորություն է, բոլորիս համար շատ հաճելի էր նրա հետ աշխատելը, կարծում եմ` միջոցառումը կարելի է համարել հաջողված», -ասաց միջոցառման կազմակերպման պատասխանատու, թիֆլիսահայ ուսանողուհի Լուսինեն:

Հայերեն English Русский

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում