Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնելու հայերենին լիարժեք տիրապետողի. ՀՀ ԱԱԾ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հոկտեմբերի 16-ին հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել` իբրև հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին: Այս առնչությամբ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նշվում է.

«Շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների տկարամտությունն ու անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձևակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն):

Բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով և ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության և քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրև «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել և խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել:

ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, այլ հակառակը` հակառակորդի վերջին ագրեսիվ դրսևորումներն ավելի են համախմբել մեր քաղաքացիներին և հաստատակամ դարձրել սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը:

Հեղինակելով նման նամակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել և իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Փորձելով հպարտանալ, որ կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք գցել և հրապարակել` չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկության մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնելու մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին: Իսկ այն, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը հրամայում է անկախ պետության հատուկ ծառայության ղեկավարին, դա արդեն անհեթեթություն է:

Խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ ենք տալիս ակնհայտ ստահոդ և անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ սադրանքների նկատմամբ»:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. «Արմենպրես»-ը ներկայացնում է կեղծիքում տեղ գտած սխալները` լուսանկարով: Իրականում սխալներն ավելի շատ են, պարզապես ներկայացված են դրանցից ամենակոպիտները:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ