Տնտեսություն

Փոխվարչապետը տրանսֆերտների ներհոսքի բարելավում է նկատում

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը տրանսֆերտների ներհոսքի բարելավում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան դոլարային արտահայտությամբ տրանսֆերտների ներհոսքի նվազումը կազմում է շուրջ 25 տոկոս, և այն տարբերությունը, որը կար առաջին եռամսյակում, գնալով նվազում է: Ռուբլիով տրանսֆերտները, շարունակում են մնալ նույն մակարդակի վրա: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին՝ երկրի տնտեսության վիճակի և հետագա հեռանկարների վերաբերյալ: «Տնտեսական ակտիվությունը՝ հատկապես մարզերում, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, այս տարի ունի բավականին բարձր արդյունքներ: Եթե մենք նայում ենք այդ տեսանկյունից, տեսնում ենք, որ եկամուտների որոշակի ավելացում այդ առումով տեղի ունեցել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գաբրիելյանը:

Նա համաձայնեց, որ տնտեսությունում կան դժվարություններ, որոնք պայմանավորված են արտաքին գործոններով և զարգացումներով: «Բայց չի կարելի չնկատել գյուղատնտեսության ոլորտում գրանցած աճը, չնկատել տրանսֆերտների բարելավվող հոսքը և հանգել եզրակացությունների, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- նկատեց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը հստակեցրեց, որ շարունակում է ամբողջությամբ գործել սոցիալական ապահովության ցանցը: 106 հազար նպաստառու ընտանիքներ կան, ովքեր իրենց նպաստները ժամանակին ստանում են: Բացի այդ, Կառավարությունը նրանց համար մեղմացրել է էներգետիկ ոլորտում վերջին թանկացումների ազդեցությունը: «Այս տեսակտից ևս մի շարք քայլեր, որոնք իրականացվում են, նվազեցնում են բնակչության վրա հնարավոր ազդեցությունը, որին ենթարկվել է մեր տնտեսությունը արտաքին զարգացումների հետևանքով: Ես կարծում եմ, որ մենք կարողացանք որոշակիորեն մեղմել այս ազդեցությունը՝ շեշտը դնելով գյուղատնտեսության զարգացման վրա: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ զարգացման վեկտորը բարձր պահենք»,- եզրափակեց Գաբրիելյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում