Հասարակական

Ադրբեջանցի ընթերցողներն «արտագաղթում» են դեպի հայկական լրատվադաշտ. Սամվել Մարտիրոսյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի ընթերցողներն «արտագաղթում» են դեպի հայկական լրատվադաշտ. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին հինգ տարիների ընթացքում դիտվում է ադրբեջանցի ընթերցողների «արտագաղթ» դեպի հայկական լրատվական դաշտ: Լրագրողների հետ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Բոլորին հայտնի է, որ ադրբեջանական լրատվական դաշտը դարձել է խիստ վերահսկելի է և այնտեղ չի մնացել ընդդիմադիր լրատվամիջոց: Այդ հանգմանքը բերում է այն իրավիճակին, որ, ադրբեջանցի գիտակցող քաղաքացին իր հայացքն ուղղում է դեպի մեր լրատվական էլեկտրոնային կայքերը, ինչը մեր օգտին է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա նկատեց, որ համեմատելով անցած տարվա օգոստոսին սահմանային լարվածության դեպքերի ընթացքում հայկական լրատվական դաշտի ընդհանուր պատկերը` մեր տեղեկատվական դաշտը հիշեցրեց 2013 թվականի նախագահական ընտրությունների տարին: «Այդ տարի` ընդամենը մի քանի օրում, համացանցում հայտնվեցին նորաստեղծ օնլայն լրատվական կայքեր, որոնք զբաղված էին ներքին դաշտում ինչ-որ ապատեղեկատվությամբ: Վերջին սահմանային սրացումների ընթացքում այդ կայքի աշխատողները որոշեցին, որ պետք է ուշադրությունը գրավել իրենց կողմ` խուճապահար հայկական տարբեր քաղաքների ռմբակոծության վերնագրերով և հրթիռակոծության կադրերով, որոնք իրականում վերաբերում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին»,-շեշտեց Մարտիրոսյանը` հավելելով, որ Հայաստանում միջուկային զենքի գոյության մասին տեղեկությունները տարածում է ռուսաստանաբնակ սադրիչ Հեյդար Ջեմալը:

Փորձագետի դիտարկմամբ` վերը նշված սխալ տեղեկատվությունից զերծ մնալու համար առկա են բավական քիչ «դեղամիջոցներ»: «Գրաքննությունն այդ խնդիրը չի լուծի, և դա կարող է գործիք դառնալ որոշ պաշտոնյաների ձեռքում` օրինակ հակակոռուպցիոն նյութերի արգելափակման համար: Ամենաճիշտ մեթոդը մարդկանց հասկացնելն է, որ տեղեկատվությունը սնունդի պես մի բան է. մարդը երբեք չի գնի փչացած սնունդ, նույնը տեղեկատվական դաշտում, մարդիկ պետք է վստահեն այն կայքերին, որոնք ապատեղեկատվություն չեն տարածում»,- ընդգծեց Մարտիրոսյանը` հավելելով, որ դաշտում գոյություն ունեն ադրբեջանցիների կողմից ստեղծված armeniareport.com և vestiarmenia.info կայքերը, որտեղ տեղադրված էին տեսանյութեր, որտեղ իբր ականանետով հարվածում են հայ զինվորներին, որը իրականում ծխածածկույթով բեմադրված տեսանյութ էր: «Որոշ երկրների դպրոցներում մեդիակրթության դասաժամեր են մտցվում, ինչը շատ կարևոր է հատկապես ճիշտ տեղեկատվությունն ապատեղեկատվությունից տարբերելու համար»,-եզրափակեց բանախոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում