Հասարակական

Չորրորդ կարգի վթարայնության շենքերում բնակվող 100 ընտանիք ստացավ նոր բնակարանի բանալի

4 րոպեի ընթերցում

Չորրորդ կարգի վթարայնության շենքերում բնակվող 100 ընտանիք ստացավ նոր բնակարանի բանալի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիքներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից ստացան նոր բնակարանների բանալիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 24-ին Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքում նոր բնակարաններ ստացած ընտանիքները Սիսակյան 3 և Նոր-Արեշ 35 փողոց N127/1 հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքներն են:

«35 տարի ապրել եմ հանրակացարանում, երբ խոհանոցը, սանհանգույցը ընդանուր էր, սարսափելի հակասանիտարական պայմաններ էին: Այնքան շնորհակալ եմ, որ վերջապես քաղաքապետարանի օգնությամբ ես ունեցա բնակարան», - ասաց Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանի արդեն նախկին բնակիչ Սիրվարդ Գևորգյանը:

Դեռևս 2012 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից Երևան քաղաքում հաշվառվել է 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող շուրջ 650 ընտանիք: Նրանցից 207-ը 2013 թվականին ապահովվել են նոր բնակարաններով: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ 4-րդ կարգի վթարայնության 9 շենքում դեռևս բնակվող շուրջ 450 ընտանիքների վերաբնակեցման նպատակով Երևանի քաղաքապետարանի և կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45, Շինարարների 15, Շինարարների 6, Սիսակյան 16 հասցեներում սկսվել են 4 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները: Շենքերը նախատեսում են շահագործման հանձնել 2015 թվականին:

«Երևանում 4-րդ կարգի վթարայնության շենքերի հարցը միշտ առկա է եղել, և այդ հարցը մշտապես գտնվել է քաղաքապետարանի ուշադրության տակ: Հաշված օրերի ընթացքում ևս 100 ընտանիք կստանա իր նոր բնակարանը, իսկ մինչև տարերվերջ ավարտին կհասցվի հանրապետության նախագահի կողմից հանձնարարված այս ծրագիրը», - լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նշեց, որ այս աշխատանքը լինելու է շարունակական, ստեղծված հանձնաժողովը տարիների ընթացքում կուսումնասիրի 4-րդ կարգի վթարայնության շենքերի առաջացման դեպքերը, իսկ քաղաքապետարանը կաջակցի նոր շենքերի կառուցմանը:

«Սա ոչ թե բնակարանների բարելավում է, այլ բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցում այն շենքերից, որոնք մի փոքր ցնցման դեպքում կարող էին քանդվել: Այդ դեպքում մենք մեզ չէինք կարող ներել: Մեր նպատակն է Երևանի 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին քաղաքապետարանի կողմից անհատույց բնակարան նվեր տալ», - ասաց Տարոն Մարգարյանը: Նա հավելեց, որ նախկին վթարային շենքերի տեղերում կառուցվող բոլոր 4 շենքերը համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից չափորոշիչներին: Մինչև տարեվերջ 4-րդ կարգի վթարայնության շենքերում դեռևս բնակվող շուրջ 450 ընտանիք կվերաբնակեցվեն նորակառուց 4 շենքերում և դրանով, ըստ էության, ամբողջությամբ կավարտվի 2014թ հունվարի 1-ի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարայնության շենքերի բոլոր բնակիչների վերաբնակեցման ծրագիրը:

4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում բնակարանները հատկացվում են զբաղեցրած բնակմակերեսը հաշվի առնելով: Ավելորդ չէ նշել, որ շատ դեպքերում, մասնավորապես հանրակացարանների դեպքում, փաստացի հատկացվող նոր բնակարանների մակերեսը շուրջ 3 անգամ մեծ է վթարային շենքում ընտանիքի զբաղեցրած տարածքի մակերեսից: Բացի այդ, բոլոր նոր բնակարանները հատկացվում են սեփականության իրավունքով՝ անկախ նրանից, թե վթարային շենքում փաստացի զբաղեցված տարածքի հանդեպ ինչ կարգավիճակ է ունեցել վերաբնակեցվող ընտանիքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում