Քաղաքականություն

Ապագա դիվանագետներն այցելել են Բրյուսելում և Վիեննայում գործող միջազգային կառույցներ

3 րոպեի ընթերցում

Ապագա դիվանագետներն այցելել են Բրյուսելում և Վիեննայում գործող միջազգային կառույցներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 13-18-ը տեղի է ունեցել Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների այցը Բրյուսել և Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ և ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2013 թվականից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 14-16-ը ԴԴ ունկնդիրներն այցելել են ԵՄ հիմնական կառույցներ` Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ, ինչպես նաև մյուս կառույցներում ունկնդիրների համար կազմակերպվել են դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հաշվառումով կառուցված դասախոսություններ, որոնց հաջորդել են հարց ու պատասխաններ:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելել են նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսել են դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ու անվտանգության նոր մարտահրավերների մասին: Այնուհետև ունկնդիրները հանդիպել են ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Բելգիայում ԴԴ ունկնդիրներն այցելել են նաև Բրյուգե քաղաքում գտնվող, ԴԴ երկարամյա գործընկեր Եվրոպայի քոլեջ և տեղում ծանոթացել քոլեջի գործունեությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Քոլեջում սովորող Հայասատանից և այլ երկրներից հայ ուսանողներ:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելել են ԵԱՀԿ, որտեղ նրանց համար կազմակերպվել են դասախոսություններ ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես, Հարավային Կովկասում կազմակերպության ներկայության վերաբերյալ: ԴԴ ունկնդիրներն այցելել են նաև Միավորված ազգերի կազմակերպություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողով և հանդիպումներ ունեցել կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարել են շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելել են նաև Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունել են ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Թաթուլ Մարգարյանը և Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելել են նաև Մխիթարյան միաբանություն և ծանոթացել հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել է Եվրոպական Միությունը` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում