ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեեւ ամուսնական դավաճանությունները խորապես անհատական են եւ կախված են մարդկանց կյանքի հանգամանքներից, ամերիկացի սոցիոլոգ Փեփեր Շվարցը դավաճանողներին բաժանել Է երկու հիմնական տիպերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը՝ վկայակոչելով հետազոտողի հետ կայացած հարցազրույցը:
Առաջին կատեգորիայի են դասվում այն մարդիկ, որոնց ձանձրացրել Է սեռական կյանքն իրենց ներկայիս զուգընկերոջ հետ: Նրանք երկարաժամկետ հարաբերությունների մեջ են եւ ցանկանում են ինչ-որ նոր բան փորձել: Հաճախ նրանք նպատակ չեն դնում նոր սիրավեպ սկսել, բայց օգտագործում են հարմար առիթները (գործուղման ընթացքում, խորհրդաժողովում, աշխատանքի վայրում կամ համադասարանցիների հետ հանդիպելու ժամանակ):
Ընկերության գիտնականների տվյալների համաձայն՝ հենց այս տեսակն Է կազմում Ashley Madison կայքի հաճախորդների (որոնց մասին տվյալների բազան վերջերս կոտրել են հաքերները) մեծամասնությունը:
Կայք մտնող կանայք չեն ձգտում թողնել իրենց ամուսիններին. նրանք պարզապես ցանկանում են ռոմանտիկ խանդավառությամբ բազմազան դարձնել իրենց կյանքը, ԱՄՆ-ի սոցիոլոգիական ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում հայտարարել Է Ashley Madison-ի՝ գիտության գծով տնօրեն Էրիկ Անդերսոնը:
Երկրորդ կատեգորիան ամուսնության մեջ դժբախտ մարդիկ են: Նրանք հասկանալի պատճառներով (ընդհանուր երեխաներ, ֆինանսական կախվածություն) չեն լքում իրենց զուգընկերներին, բայց փնտրում են հուզականորեն խթանող կողմնակի հարաբերություններ:
Երկու տիպերի միջեւ հստակ սահմանազատում չկա, նշում Է սոցիոլոգը: Մասնավորապես, միջանկյալ դիրք են գրավում նրանք, ովքեր դավաճանությամբ վրեժ են լուծում իրենց զուգընկերոջից:
Դավաճանությունների մեկ այլ ընդգրկուն սոցիոլոգիական հետազոտության հեղինակները, որը հրապարակվել Է 2015 թվականին, վստահ են, որ ամուսնական անհավատարմության հիմնական պատճառներից մեկը փողն Է. որքան ավելի շատ Է ֆինանսական առումով ամուսինը կախված կնոջից, այնքան մեծ Է նրա կողմից դավաճանության հավանականությունը: Կանանց դեպքում աշխատում Է ճիշտ հակառակ միտումը. երբ ընտանեկան եկամուտն ամբողջությամբ կանայք են ապահովում, նրանք առավել հազվադեպ են հակված դավաճանելու: