ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Health Metrics and Evaluation (IHME) ինստիտուտի գիտնականներն անառողջ սնունդը համարել են վաղաժամ մահվան ամենատարածված պատճառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:
Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ սխալ սնունդը բնորոշվում Է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի եւ ձավարեղենի քիչ գործածությամբ եւ կարմիր մսի, աղի եւ ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքների շատ գործածությամբ:
Գիտնականները նաեւ նշում են, որ անառողջ սնունդն ավելի բացասական ազդեցություն Է գործում մարդու օրգանիզմի վրա, քան ալկոհոլի եւ ծխախոտի գործածումը: Սխալ սնունդը հանգեցնում Է օրգանիզմի ոչ կայուն աշխատանքի, բազմաթիվ հիվանդությունների, ներառյալ սրտի հիվանդությունները, ինսուլտը, շաքարախտը եւ այլ քրոնիկ ախտեր:
Հետազոտության շրջանակներում նաեւ պարզվել Է, որ ռիսկի միատեսակ գործոնները տարբեր երկրներում տարբեր ազդեցություն են ունենում մահացության վրա: Օրինակ՝ Հարավարեւելյան Ասիայի երկրներում եւ Հնդկաստանում մարդիկ ավելի հաճախ մահանում են բնապահպանական վատ իրադրության պատճառով, մինչդեռ բարձր եկամուտներով երկրներում մահվան գլխավոր պատճառներից մեկը ծխելն Է: Աֆրիկայի երկրներում գիտնականները նշում են միանգամից մի քանի հիմնական գործոններ, որոնք հանգեցնում են վաղաժամ մահվան. թերասնումը, կեղտոտ ջուրը, չպաշտպանված սեռական հարաբերությունները եւ ալկոհոլի գործածումը:
Առողջության համար ռիսկի գխավոր գործոնների ուսումնասիրման աշախատանքը կատարվել Է 108 երկրներում՝ 1990 թվականից մինչեւ 2013 թվականն ըկած ժամանակամիջոցում: