Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում քաղաքական զարգացումները լուրջ ազդեցություն են ունեցել փոքրամասնության ակտիվության վրա. փորձագետ

4 րոպեի ընթերցում

 Հայաստանում քաղաքական զարգացումները լուրջ ազդեցություն են ունեցել փոքրամասնության ակտիվության վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանից առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության և քաղաքական փոքրամասնության ակտիվության վրա: Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյան: «Այդ ազդեցությունը կարելի է դիտարկել երեք ուղղություններով: Խոսքը վերաբերում է փետրվարին հանրապետության նախագահի կողմից արված հայտարարություններին Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ, որից հետո Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելը ուղղակի ազդեցություն ունեցավ, որպեսզի խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը որոշակի ցնցումների ենթարկվի: Եղան մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, ովքեր դուրս եկան խմբակցությունից: Խմբակցությունը շարունակում է գործել, սակայն մի խումբ պատգամավորներ, ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից շարունակում են մնալ խմբակցության անդամ՝ հիմնականում մանդատից չզրկվելու համար: Կարևոր եզրակացությունն այն է, որ նման հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ խորհրդարանում մեծությամբ երկրորդը հանդիսացող խմբակցության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ այս ամենն ազդել է նաև խորհրդարանում քաղաքական փոքրամասնության ակտիվության վրա: «Իմ կարծիքով այս տարիների ընթացքում Ազգային ժողովի փոքրամասնությունը ձևավորել էր շատ արդյունավետ ձևաչափ՝ քառյակը, այնուհետև եռյակը: Դա արդյունավետ էր այն իմաստով, որ ձևավորվել էին համագործակցության սկզբունքներ, աշխատելաոճ, իսկ այս փոփոխությունների հետևանքով եռյակը վերացավ: Այս իմաստով կարելի է ասել, որ մեծամասնության գործը որոշակիորեն թեթևացավ»,- ընդգծեց փորձագետը:

Ըստ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի զեկույցի` վերը նշված քաղաքական զարգացումներն ազդեցություն են թողել նաև պատգամավորների բացակայությունների վրա: Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը նկատում է, որ ԱԺ 7-րդ նստաշրջանի ընթացքում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ նիստի չի մասնակցել: «Շարունակում է խնդրահարույց մնալ պատգամավորների բացակայությունների հարգելի կամ ոչ հարգելի ճանաչելու հարցը և այդ գործընթացի թափանցիկությունը: Դա շարունակում է մնալ Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում: Եվ պետք է սպասել, թե ինչպես են հիմնավորվելու Գագիկ Ծառուկյանի բացակայությունները ավարտված նստաշրջանի ընթացքում»,- նշեց Աբրահամյանը:

Փորձագետը դրական է գնահատում այն հանգամանքը, որ ավարտված նստաշրջանի ընթացքում առաջին անգամ խորհրդարանի առջև դատախազության գործունեության վերաբեյալ հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Այդ հաղորդման քննարկման ընթացքում ծավալվել էին բավականին բուռն քննարկումներ: Եթե հաշվի չառնենք, որ այդ քննարկման ընթացքում հնչել են նաև խիստ քաղաքական գնահատականներ, ապա կարող ենք ասել, որ այս ձևաչափն արդարացված է և այն կարող է օրինակ ծառայել նմանատիպ այլ հաղորդումների և զեկույցներից ներկայացման համար»,- եզրափակեց Աբրահամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում