Հասարակական

Վերջին երեք տարում մեծապես բարելավել է ՀՀ երկաթուղային ցանցի անվտանգությունը. Վիկտոր Ռեբեց

3 րոպեի ընթերցում

Վերջին երեք տարում մեծապես բարելավել է ՀՀ երկաթուղային ցանցի անվտանգությունը. Վիկտոր Ռեբեց

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող երկաթուղային ցանցի անվտանգությունը և ընդհանուր որակը վերջին երեք տարում անհամեմատ բարելավվել է: «2012 թվականին Հայաստանում գործող երկաթուղիների 236 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղային ճանապարհը անբավարար գնահատկան էր ստացել: 2009 թվականին մենք արձանագրել էինք 96 դեպք, երբ գնացքները դուրս էին գալիս գծերից (ռելսերից), իսկ անցած տարի` ընդամենը 9 դեպք, ինչը դրական ցուցանիշ է: Բացի այդ, եթե անցած տարի մենք ունեինք 6 կմ անբավարար երկաթգծի ճանապարհ, ապա այս տարի այդ խնդիր լուծված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում սեպտեմբերի 8-9-ը ընթացող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնեց Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` հավելելով, որ վերջին երեք տարում փոխարինվել է 700 հազար կոճափայտ:

Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկեցին անվտանգության կաննոների խախտման դեպքերում գործող և տեխնիկական փորձաքննություններ անցկացնող մասնագիտական խմբի գործունեությանը, արգելակային սարքավորումների տեխնիկական սպասարկման կանոնների փոփոխմանը, երկաթուղային տրանսպորտի կարիքների համար մատակարարվող ապրանքների և ծառայությունների որակին վերաբերող հարցեր:

Իր հերթին խորհրդակցությանը մասնակցող Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նկատեց, որ ՏԿԱԻՆ-ը մշտապես գտնվել է Հարավկովկասյան երկաթուղիների կողքին` մշտապես համագործակցելով անվտանգության հարցերի շուրջ: «Վերջին տարիներին Հարավկովկասյան երկաթուղիները քիչ աշխատանք չեն կատարել` երկաթուղային տրանսպորտի անվտանգության առումով, սակայն արձանագրվող արտակարգ դեպքերը վկայում են, որ դեռևս աշխատելու շատ տեղ կա»,- շեշտեց նա:

Նիստին մասնակցում էին Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի երկաթուղային ընկերությունների ներկայացուցիչները:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգության ապահովման ոլորտում միասնական քաղաքականության մշակումը, երթևեկության անվտանգության հարցերի համակարգումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկների մշակումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում