Հասարակական

«Շանթ 2015» զորավարժություններ. Տավուշում խաղարկվեց զորամասի կազմավորման սցենար

3 րոպեի ընթերցում

«Շանթ 2015» զորավարժություններ. Տավուշում խաղարկվեց զորամասի կազմավորման սցենար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող «Շանթ 2015» պլանային զորավարժությունների շրջանակում Տավուշի մարզում խաղարկվեց նոր զորամասի կազմավորման սցենարը: Ցուցադրական միջոցառման ժամանակ հարյուրավոր նորակոչիկներ արդեն ստացել են իրենց զինվորական համազգեստը և հրահանգներ`բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Միհրան Մախսուդյանից: «Ձեր բարձր կարգապահությունն է մեր անվտանգության գրավականը: Խնդրում եմ պահպանել կարգապահություն, լինել ընկերասեր և հարգել միմյանց: Թող բոլորը տեսնեն, որ մենք կարող ենք երեք օրում պատրաստական վիճակի բերել երկիրը և պատրաստվել պատերազմի»,- զորակոչիկներին դիմեց գնդապետը՝ նշելով, որ յուրաքանչյուր վաշտ կունենա իր զորանոցը, ճաշարանը և ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Լրագրողների հետ զրույցում գնդապետ Մախսուդյանը հայտնեց, որ սցենարի համաձայն՝ զորահավաքի օպերատիվ մարտավարական զորավարժությունները կտևեն հինգ օր: Այդ ընթացքում անձնակազմը պարապունքների և ներդաշնակեցման միջոցով կբերվի պատրաստ վիճակի՝ լուծելու հետագայում հանկարծակի առաջացած խնդիրները: «Անձնակազմը գտնվում է բարձր բարոյահոգեբանական վիճակում, գիտակցում է իր առջև դրված խնդիրները և պատրաստ է կատարել դրանք: Զորակոչից խուսափողներ չենք ունեցել, նորակոչիկների հոսքը մինչև հիմա կատարվել է բարձր մակարդակով»,- ընդգծեց նա:

Զինկոմիսարիատ ներկայանալու խաղարկային կանչը Վարդանն Սարգսյանն ստացել է սեպտեմբերի 4-ի երեկոյան. անհապաղ պահանջել են ներկայանալ կոմիսարիատ: «Հայությունը պետք է սատար կանգնի մեկը մյուսին, եթե ամեն մեկը խուսափի ծառայությունից՝ ով պետք է գնա»,- ասաց նա: Նրա արդեն զինակից ընկերը նույնպես այդ կարծիքին է: «Պատրաստակամ ենք՝ թեկուզ գնալ առաջնագիծ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատակամությամբ ասաց Վիկտոր Կադիլինը, որ արդեն մեկ անգամ իր պարտքն է տվել հայրենիքին՝ ծառայելով Հայոց բանակում:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում