Հասարակական

«Շանթ 2015» զորավարժության շրջանակում Ազգային պատկերասրահում խաղարկվեց մշակութային արժեքների տեղափոխման սցենարը

4 րոպեի ընթերցում

«Շանթ 2015» զորավարժության շրջանակում Ազգային պատկերասրահում խաղարկվեց մշակութային արժեքների տեղափոխման սցենարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում խաղարկվեց մի շարք արժեքավոր մշակութային նմուշների` հատուկ ապաստարաններ տեղափոխելու սցենարը: Տարհանման աշխատանքների խաղարկման մեկնարկին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով բարձր պատրաստակամությամբ իրականացնում են Ազգային պատկերասրահում առկա առաջնային մշակութային արժեքների տարհանումը: «Ընդհանուր տարհանման գործընթացում ներգրավված են Ազգային պատկերասրահի տարբեր բաժիններում պահվող մշակութային նմուշներ, որոնք փաթեթավորված վիճակում տեղադրվում են արկղերում. յուրաքանչյուր արկղի պատրաստման համար անհրաժեշտ է մոտ կես ժամ, իսկ առաջնային կարևորության ամբողջ ֆոնդը տեղափոխելու համար` 6-7 ժամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Ծատուրյանը` հավելելով, որ Ազգային պատկերասրահի նմուշների փաթեթավորման գործընթացում ներգրավված են պատկերասրահի ռեստավրացիոն բաժինը և ֆոնդապահները:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը շեշտեց, որ ֆոնդապահոցում պահվում է մոտ 42 հազար ցուցանմուշ, իսկ Ազգային պատկերասրահում ցուցադրված է միայն 3500 ցուցանմուշ: «Ես լիահույս եմ, որ հետագայում մենք հնարավորություն կունենանք ցուցադրել այս բոլոր ցուցանմուշները»,-ընդգծեց նա` հավելելով, որ ֆոնդապահոցում օդի տաքությունը պահպանվում է 18-22 ջերմաստիճանի սահմաններում:

Իր հերթին Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահՎեհանուշ Փունարջյանը նշեց, որ տարհանվող ցուցանմուշները պատվում են միկալենտային հիմքով թթվածին շնչող թղթով, իսկ հետո հատուկ փափուկ նյութով, որը կպաշտպանի տվյալ մշակույթային առարկան հարվածներից: «Ընդհանրապես` Ազգային պատկերասրահում առկա ցանկացած ցուցանմուշ տեղափոխելիս մենք հաշվի առնում, թե ինչ ավտոմեքենայով է տեղափոխվելու, ինչ ճանապարհ է անցնելու և այլ բազմաթիվ այլ գործոններ»,-նկատեց նա:

Ազգային պատկերասրահում առկա առաջնային մշակութային արժեքների տարհանման ցուցակը կազմում են Ազգային պատկերասրահը և ՀՀ մշակույթի նախարարությունը, որից հետո այն հաստատում է ՀՀ կառավարությունը:

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացված Ազգային պատկերասրահի մշակութային արժեքների պահպանության և տարհանման ծրագիրը բարեհաջող ավարտվեց: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի հրամանով ստեղծված և նախապես հաստատված խումբն օպերատիվ կերպով գրանցեց մշակութային նմուշները, փաթեթավորեց դրանք, այնուհետև տեղավորեց հատուկ արկղի մեջ: Դրանից հետո նմուշները տեղափոխվեցին անվտանգ, ապահով և գաղտնի ապաստարան:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում