Հասարակական

Մարտակերտում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար

2 րոպեի ընթերցում

Մարտակերտում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում պատվիրակության անդամները մասնակցել են Երևանի քաղաքապետի աջակցությամբ բարեկարգված պուրակում Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը:

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Մարտակերտի համար 2 մանկապարտեզ, Շենգավիթ վարչական շրջանի կողմից ավարտական խմբի 30 երեխաների տրամադրել են դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով, մյուսներին` խաղալիքներ, իսկ համար 2 դպրոցին նվիրել են «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն և քարտեզների հավաքածու:

ԼՂՀ Մարտակերտի շրջան այցի շրջանակում երևանյան պատվիրակությունն այցելել է նաև քաղաքի բազմազավակ ընտանիքներից մեկին, ըստ անհրաժեշտության տրամադրել հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ, սպասք, գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ:

Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում