Հասարակական

Պերմյակովը բացահայտել է, թե ինչու է լքել ռազմաբազան եւ ինչու է մտել Ավետիսյանների տուն

5 րոպեի ընթերցում

Պերմյակովը բացահայտել է, թե ինչու է լքել ռազմաբազան եւ ինչու է մտել Ավետիսյանների տուն

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ, դասալքության է դիմել ու զենք է վերցրել` մարդկանցից գումար հափշտակելու եւ Ռուսաստան` տուն մեկնելու նպատակով: Այս մասին նշված է Պերմյակովի նախաքննական ցուցմունքներում, որոնք ընթերցվել են օգոստոսի 12-ին 102-րդ բազայի տարածքում ՌԴ Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստի ընթացքում, երբ Պերմյակովը հրաժարվել է հարցաքննությունից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նախաքննական ցուցմունքում նշվում է, որ Պերմյակովը թիվ 2 պահակակետի հերթապահությունը ստանձնել է գիշերը ժամը 1-ի սահմաններում եւ 2-ի սահմաններում լքել է բազայի տարածքը հափշտակված զենք զինամթերով, սվին դանակով: Ժամը վեցի սահմաններում հասել է Մյասնիկյան փողոց, ընտրել է պատահական տուն, որի դարպասները բաց են եղել, կոտրել է դռան ապակին, զենքը դրել ավտոմատ կրակահերթի դիրք եւ մտել տուն: Նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որը վերաբերել է սպանությանը, չի ընթերցվել, քանի որ այդ մասով գործը հայկական կողմի վարույթում է:

Տնից դուրս գալիս զենք-զինամթերքը թողել է տան բազմոցին, վերցրել 5 հազար դրամ, երեք հեռախոս, ինչպես նաև քաղաքացիական հագուստ, հագնելով այն լքել է տունը` նպատակ ունենալով հասնել եւ հատել հայ-թուրքական սահմանը: Մինչ սահման հասնելը քիչ հեռավորության վրա տեսել է դատարկ շինություն, որտեղ որոշ ժամանակ թաքնվել է: Ընթերցված հարցաքննություններից ոչ մեկի մեջ նշված չի եղել, որ Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու հատուկ նպատակով: Դրա փոխարեն մի քանի տեղ նշվում է, որ դասալքության է դիմել եւ զենք-զինամթերք է գողացել սեփական ցանկությամբ ընտանիքի կարոտից ելնելով եւ ՌԴ մեկնելու նպատակով:

Պերմյակովը նշել է, որ զենքը վերցրել է շներին վախեցնելու եւ ՌԴ մեկնելու նպատակով անհրաժեշտ գումար մարդկանցից հափշտակելու համար: Բոլոր հարցաքննությունների ընթացքում Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Այն հարցին, թե ինչն էր 102-րդ բազան լքելու պատճառը, նշել է, որ միակ պատճառը չծառայելն ու տուն մեկնելու ցանկությունն է եղել: Նշել է, որ ավտոմատով Ավետիսյանների տուն է մտել պարզապես անհրաժեշտ գումար հափշտակելու նպատակով:

Պերմյակովի որոշ հարցաքննություններ իրարամերժ էին, եթե մեկի ժամանակ նշել է, որ հայ-թուրքական սահմանի ճանապարհին հեռախոսով զանգել է եւ պատվիրել սնունդ ու մեքենա, ապա մյուսի մեջ նշել է, որ նման բան չի եղել: Նա նաև նշել է, որ լավ ծանոթ չի եղել մինչև սահման ընկած ճանապարհին:

Նախաքննական ցուցմունքներն ընթերցելուց հետո խոսքը տրվեց տուժողի ներկայացուցիչ, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովին, ով, պատմելով այդ օրվա մանրամասները, նշեց, որ Պերմյակովի բացակայության մասին իմացել են ժամը 3-ի մոտ:

Փնտրել են բազայի տարածքում, իսկ ժամը վեցից հետո` նաև լրացուցիչ ուժերով` քաղաքում: Ուստինովն արձանագրել է, որ Պերմյակովը որևէ բողոք ոչ առողջական վիճակի, ոչ ծառայակիցների հետ հարաբերությունների առումով չի ունեցել: Դատական այս նիստին հարցաքննվում են վկաները` բազայի ծառայողները:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում