Թբիլիսիի հայկական գեղարվեստի պահապանը` Իռենա Օհանջանովա
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի երիտասարդ հայ նկարիչներից մեկի` Իռենա Օհանջանովայի աշխատանքները շատերին են ծանոթ: Երբ փորձում էի գտնել նրա տունը, որը գտնվում է Թբիլիսիի հինավուրց պարսպի ուղիղ հետնամասում, կողքի շենքերի բնակիչները իմ հարցին, թե որտե՞ղ է բնակվում Իրենան, պատասխանում էին. «Տիկնիկներ պատրաստող աղջի՞կը»: Իրականում Իռենան ոչ միայն տիկնիկների, արձանիկների և նկարների հեղինակ է, նա իր մեծ ներդնումնունի անցած դարի սկզբի վրացական գեղարվեստի դպրոցի հայազգի նկարիչների մասին հիշողությունը վառ պահելու գործում. այն դպրոցի, որից դուրս է եկել արդեն դասական դարձած հայ նկարիչների մի ամբողջ ծաղկաբույլ:«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց նկարչուհու հետ:
-Քո աշխատանքներում հիմնականում շեշտը դրվում է կնոջ վրա: Ինչո՞ւ:
-Դե առաջին հերթին, որովհետև ես կին եմ և ինձ հետաքրքիր է արտահայտել իմ որևէ հոգեվիճակը որոշակի դերում՝ փոխանցելով իմ ներկա պահի «ես»-ը կտավին: Իսկ տիկնիկներ սկսել եմ պատրաստել շատ հանկարծակի, երբ մի անգամ մի գեղեցիկ շշի սովորական փականի փոխարեն սարքեցի կնոջ դեմքով փական: Պահեր կա, երբ ես ինձ զգում եմ որպես նկարիչ կամ քանդակագործ, կամ թատերական բեմի նկարիչ: Վերջին 10 տարիների ընթացքում ես աշխատում եմ ավագ սերնդի թատերական ռեժիսորներից մեկի հետ՝ Գոգի Թոդադձեի հետ, ով հրավիրում է ինձ համարյա իր բոլոր ներկայացումների ձևավորմանը:

-Իսկ որքանո՞վ թբիլիսաբնակ հայազգի նկարիչները լավ գիտեն միմյանց, շփվում են արդյոք միմյանց հետ:
-Վերջին մի քանի տարիների ընթացքում մի շարք հայազգի նկարիչներով սերտ շփվում ենք, սակայն յուրաքանչյուրս աշխատում է իր ոճում, ինքն իր համար: Իհարկե պատահում են համատեղ ցուցահանդեսներ, որոնց հիմքը մի քանի տարի առաջ դրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով փորձեց մեկ տեղ հավաքել Վրաստանի հայազգի նկարիչներին: Սակայն այսօր հայերի դերը Վրաստանում դժվար է համեմատել անցած դարի 60-70 թվականներին ունեցած դերի հետ, երբ հայ նկարիչները կազմում էին Վրաստանի մշակույթի զարգացման հիմնասյուները: Ցավոք, այսօր պակասում են Բաժբեուկները, Դիլբարյանները: Չկան նման հսկա առաջնորդներ:

-Ո՞րն է պատճառը:
-Դժվար է միանշանակ պատասխանել: Այն սերունդներն ավելի հետաքրքիր էին, ավելի մեծ ներուժ ունեին: Չի բացառվում, որ ինչ-որ բան սկսել է պակասել այս քաղաքում, այս միջավայրում:
-Որքանո՞վ է հայ համայնքը լավ ճանաչում իր արդի նկարիչներին, ովքեր ստեղծագործում են Վրաստանում:
-Հայ համայնքն բավական մեծաթիվ է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ ողջ Վրաստանում: Սակայն հաստատուն կապ միմյանց հետ պահպանում են փոքրաթիվ մարդիկ: Շատերը, սակայն, իմանալով ցուցահանդեսների մասին, անպայման փորձում են այցելել դրանք: Քաղաքի տարբեր շրջաններում հայերի ցրվածության պատճառով դժվար է լինում բոլորին պահել կապի մեջ: Ինչը ավելի հեշտ էր նախկինում, երբ բոլորը մոտ էին ապրում իրար:

-Այս տարի գարնանը քո ղեկավարության ներքո Թբիլիսիում ընթացավ ինքնուս հայազգի նկարիչների ցուցահանդես: Որտեղի՞ց ծագեց այդ գաղափարը:
-Ես «Հին Թիֆլիս. քաղաքի կյանքից պատկերներ: Մարգինալիա» խորագրով ցուցահանդեսի հեղինակն ու ղեկավարն էի, սակայն սա իմ առաջին ցուցահանդեսը չէ: Դեռ երեք տարի առաջ Վրաստանի ազգային թանգարանում մենք իրականացրեցինք վրացական դպրոցի հայազգի նկարիչների ցուցահանդես: Այն ընդգրկեց 200 տարվա պատմություն, որտեղ տեղ գտան Հակոբ Հովնաթանյանից մինչև Գայանե Խաչատրյանի աշխատանքները: Հաջորդ իմ աշխատանքը դարձավ մոռացված ինքնուս հայազգի նկարիչների ցուցահանդեսը, որտեղ տեղ գտան Կարապետ Գրիգորյանցի, Վանո Խոջաբեկովի և Վաղարշակ Էլիբեկյանի աշխատանքները: Եթե Էլիբեկյանը լավ ծանոթ է հայ հասարակությանը, ապա Վրաստանում այն վաղուց չէր ցուցադրվել: Վրաստանում գտնվեց նրա ընդամենը 5 աշխատանք: Վանո Խոջաբեկովի մասին լսել էին շատերը, սակայն մոտիկից նրա աշխատանքները ոչ բոլորը հնարավորություն ունեին տեսնելու՝ դրանք հիմնականում պահվում են թանգարաններում: Իսկ Կարապետ Գրիգորյանցի մասին այսօր համարյա ոչինչ հայտնի չէ, Հայաստանի ազգային պատկերասրահում կա ընդամենը մեկ աշխատանք, իսկ վրացական արխիվներում մենք հայտնաբերեցինք նրա շուրջ 40 աշխատանք, որոնք կարիք ունեին վերականգնման: Շնորհիվ Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Վիրահայոց թեմի և բարերար Աշոտ Արսենյանի հնարավոր եղավ իրանանացնել այդ կտավների մեծածավալ վերականգնում: Այս ցուցահանդեսի կազմման ամենավերջին պահին մենք հայտնաբերեցինք նկարչի ևս 6 աշխատանք: Երազում եմ գտնել նաև նրա գրական աշխատանքները, քանի որ նա սովորական նկարիչ չէր, սակայն չնչին բան է հաջողվել պահպանել նրանից հետո:

-Ովքե՞ր էին այս ցուցահանդեսի հիմնական այցելուները:
-Սա թբիլիսյան ցուցահանդես էր: Կարապետ Գրիգորյանցը, ծնունդով չլինելով թբիլիսցի, Թիֆլիսյան արվեստի արգասիք էր՝ նա կայացավ հենց այստեղ: Վանո Խոջաբեկովի աշխատանքները արտահայտիչ պատկերում էին դիմախաղը, նա ստեղծում էր հրաշալի տիպաժներ: Ուղղակի զարմանում ես, թե ինչպես էր նա կարողանում դա անել՝ լինելով ինքնուս: Այդ առումով, ցուցահանդեսը հետաքրքիր էր ոչ միայն արվեստի սիրահարների համար, այլ նաև պատմաբանների և ազգագրագետների, քանի որ, օրինակ, Վանոն նկարում էր քաղաքային պատկերներ, որոնց մասին շատ թբիլիսցիներ արդեն մոռացել են: Օրինակ, «Փեսայի պարը ծնողների շիրիմին», երբ որբացած տղան, ամուսնությունից առաջ ընկերների և հոգևորականի հետ միասին գալիս էր ծնողների շիրիմի մոտ, և պարի միջոցով հանգուցյալներին փոխանցում իր ուրախությունն ամուսնության առիթով:

-Ի՞նչ նոր ծրագրեր ես պատրաստվում իրականացնել:
-Վերջին ցուցահանդեսին ես ծանոթացա մի կնոջ հետ, որ ներկայացավ որպես նկարիչ Մադլեն Ամիրխանովայի բարեկամուհի: Ամիրխանովան անցած դարի առաջին կեսին եղել էր Վրաստանի լավագույն նկարիչների ուսանողուհին և մտնում էր Էլլա Ախվլեդիանիի կանանց պլաներային խմբի մեջ: Այս տարի լրանում է նկարչուհու 100 ամյակը, և այն պետք է նշել: Ես անչափ երազում եմ նաև հաջորդ տարի կազմակերպել Բաժբեուկ-Մելիքյանի 125-ամյակին նվիրված միջոցառում, քանի որ Թբիլիսիում առկա են այս մեծ տաղանդի բազում գործեր:
Զրուցեց Անահիտ Մինասյանը