Սփյուռք

Քեմալական կուսակցության ներկայացուցիչը պատիժ է պահանջում «հայերի որս» սկսելու հայտարարություն արած ազգայնականի համար

2 րոպեի ընթերցում

Քեմալական կուսակցության ներկայացուցիչը պատիժ է պահանջում «հայերի որս» սկսելու հայտարարություն արած ազգայնականի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Օզֆեր Քոչաքն արձագանքել է տեղի ազգայնականների ռասիստական և ծայրահեղական հայտարարությանը՝ կապված հայերի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Քոչաքը հայտնել է, որ հայ երաժիշտ Տիգրան Համասյանի՝ Անիում ունեցած համերգից հետո թուրք ծայրահեղականների «Իդեալիստների օջախներ»կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի հայտարարությունը քրեորեն պատժելի է: Քեմալական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ թուրք ազգայնականը խախտել է Թուրքիայի քրեական օրենսքգրքի 216-րդ հոդվածը: Հոդվածը պատիժ է սահմանում ժողովրդի մի հատվածին սոցիալական, դասակարգային, կրոնական, ռասայական կամ սեռական տարբերության հիման վրա հրապարակայնորեն նվաստացնելու համար և ենթադրում է պատիժ 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման ձևով:

Քոչաքը թուրք դատախազներին կոչ է արել լուռ չմնալ և իրավական դաշտ տանել հարցը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում կստացվի, որ իրավապահներն իրենց անգործությամբ աջակցում են ատելություն սերմանող հայտարարություն անողներին:

Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն է արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ: Ադըգյուզելը մեղադրել է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա սպառնացել է՝ ասելով, որ այսուհետ «բոլորն իրենց տեղը կիմանան»: Անդրադառնալով հայերին՝ թուրք ազգայնականն ընդգծել է. «Նման գործողություններով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Ովքե՞ր են սրանց աջակցում ներսից: Ո՞ր լրատվականների ծախված ներկայացուցիչներն են նրանց հետ համագործակցում: Ներսից և դրսից ծախված դավաճան ուղեղների կողմից ուզում են մեր համբերությո՞ւնը ստուգել: Թե՞ մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում