Սփյուռք

«Նոր Հալեպը» կառուցելու առաջարկն արել են սիրիահայերը. պարզաբանում է նախարարը

3 րոպեի ընթերցում

«Նոր Հալեպը» կառուցելու առաջարկն արել են սիրիահայերը. պարզաբանում է նախարարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը եղել է Հայաստանում հաստատված սիրիահերի խնդրանքը. 620 սիրիահայ նամակով դիմել է ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանում սիրիահայերի թաղամաս ունենալու առաջարկով: Դա պետական ծրագիր չի եղել. կառավարությունն ուղղակի սիրիահայերին օգնել է՝ Հայստանում թաղամաս ունենալու ցանկությունն իրագործելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ «Նոր Հալեպ» թաղամասը կառուցելու ծրագիրը ձախողվեց: «Նրանք դիմել են մեզ, գրել են, որ պատրաստ են 20-30 հազարական դոլար ներդնել և Հայաստանում սիրիական թաղամաս ունենալ, որը կլուծի սիրիահայերի բնակարանային խնդիրները: Նրանք ցանանում էին նաև միասին նույն թաղամասում ապրել: Առաջին տարում եկել են և այսպիսի առաջարկ են արել, ինչպես որ առաջարկել էին սիրիական ծրագրով դպրոց ստեղծել: Մենք այդ դպրոցը ստեղծել ենք, որովհետև դա շատ ավելի հեշտ է, քան թաղամաս կառուցելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Կառավարությունն ընդառաջ է գնացել սիրիահայերի խնդրանքին և կայացրել է որոշում՝ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման մասին: «Եղավ նաև Աշտարակի քաղաքապետարանի որոշումը՝ թաղամասի կառուցման համար հողատարածք հատկացնելու մասին, արվեցին գծագրերը, հետազոտության աշխատանքները: Հիմա եթե այդ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց բնակարանային խնդիրները լուծում ստանան, մենք հո չե՞նք գնալու նրանց ստիպենք գալ ու կառուցել այդ թաղամասը: Իսկ նոր թաղամաս կառուցելու համար բավարար ֆինանսական միջոցներ մեր պետությունն այս պահին չունի»,- ասաց նախարարը

Նա նաև հավելեց, որ սիրիահայերն այս պահին Հայաստանում բնակարանի խնդիր չունեն, քանի որ շատերը վարձակալել են բնակարաններ, իսկ չունևորների բնակարանի վարձը փոխհատուցում է պետությունը: Նախարարը նշեց, որ եթե այլ երկրներում փախստական սիրիացիներն ապրում են ճամբարերում և բավարարվում են օրական մեկ դոլարի սահմաններում տրվող միջոցներով, ապա Հայաստանում հաստատված սիրիահայերի համար ապրելու պայմանները շատ նպաստավոր են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում