Երեխան պետք է ապրի ընտանիքում. ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ՀՀ կառավարությունն այս սկզբունքով են իրականացնում նոր ծրագիրը
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված հետազոտության` Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 42 պետական և ոչ պետական մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում և հատուկ դպրոցներում այսօր բնակվում է մոտ 4500 երեխա: Այդ երեխաների 90 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են և ունեն առնվազն մեկ ծնող: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ միջև անցած տարի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը` երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի` երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Աննա Հարությունյանը պատմեց, թե ինչ փուլում է ծրագիրը, որի նպատակն է խնամքի այլընտրանքային տարբերակները բարելավելու և համայնքահեն ծառայությունները զարգացնելու միջոցով դադարեցնել երեխաների ներհոսքը գիշերօթիկ խնամքի և հատուկ հանրակրթական հաստատություններ, ինչպես նաև՝ այդ հաստատություններում գտնվող երեխաներին վերադարձնել ընտանեկան միջավայր:
-Ի՞նչ փուլում են ծրագրի կյանքի կոչման աշխատանքները:
-Այս պահին կատարվում են օրենսդրական և իրավական հիմքն ապահովող փաստաթղթերի մշակումներն ու կառավարության կողմից դրանց հաստատումը, որպեսզի գործընթացը տեղի ունենա: Մասնավորապես, հատուկ դպրոցների դեպքում Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունը տեղի է ունեցել անցած տարի դեկտեմբերին, որով պայմանավորված` հատուկ դպրոցները պետք է վերակազմակերպվեն ներառական կրթություն իրականացնող ծառայությունների, մանկավարժական ռեսուրս կենտրոնների: Իսկ խնամքի հաստատությունների վերաբերյալ, այնտեղ ևս իրավական ակտերի փոփոխությունների կարիք կա, այս փուլում աշխատում ենք որդեգրության և խնամատարության մասով օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ:
-Կատարվող բարեփոխումները արդյոք նշանակո՞ւմ են խնամակալական հաստատությունների փակում:
-Հաստատություն փակելը ծրագրի առաջնային նպատակը չէ, և վեց ամսում որևէ հաստատություն չի կարող փակվել: Պետք է ունենալ իրավական հենք, այլընտրանքային ծառայություններ և այնուհետև մտածել գիշերօթիկներ փակելու մասին: Այստեղ նպատակը այսօր գործող գիշերօթիկ ծառայության վերակազմակերպումն է այլընտրանքային ընտանիքին աջակցող ծառայության: Ծրագրի առաջին փուլում առաջարկվել է փակել Երևանի N1 և N2 գիշերօթիկ հաստատությունները, Վանաձորի N1 գիշերօթիկը և մանկատունը, Գորիսի N 1 և Սիսիանի N 1 հատուկ դպրոցները: Նշված հաստատություններում մինչև 2016 թ. ավարտը ենթադրվում է, որ արդեն երեխաներ չեն լինի, և այդ հաստատությունների փոխարեն կստեղծվեն ընտանիքների այլընտրանքային ծառայություններ, որպեսզի հնարավորինս կանխվի երեխայի մեկուսացումն ընտանիքից:
-Իսկ հաստատությունների լուծարման արդյունքում ինչպե՞ս եք ակնկալում ծնողազուրկ երեխաների խնդրի լուծումը:
-Մենք պետք է ջանանք, որ բոլոր դեպքերում երեխան վերամիավորվի կենսաբանական ընտանիքին, սակայն գիտենք, որ մանկատների պարագայում երեխաների կեսն առանց ծնողական խնամքի է: Այս դեպքում երեխային այլ ընտանեկան միջավայր պետք է գտնել: Դա նշանակում է կամ բարեկամների կողմից խնամակալության ստանձնում, կամ խնամատար ընտանիքի, քանի որ այդ երեխաների մեծ մասը ակտիվ որդեգրության տարիքից դուրս մնացած երեխաներն են: Այս պահին մենք առաջ ենք տանում խնամատարության ծրագրի մշակումը, որպեսզի իրացվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ցանկացած երեխայի խնամատարության հանձնման հնարավորությունը, այլապես մենք չենք կարողանա հաստատությունից երեխային հանել և նրան տանել մեկ այլ միջավայր:
-Որքանո՞վ է հայ հասարակությունը պատրաստ մանկատնից խնամատարության վերցնել երեխայի:
-Հասարակությունը որոշ չափով պատրաստ է, իսկ շատ ավելի պատրաստ կլինի, երբ իրազեկում լինի, որին դեռ մենք չենք հասել: Սակայն 2006 թվականից ունենք խնամատարության փորձ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ 25 ընտանիք տարբեր ժամկետներով խնամատարության է վերցրել տարբեր տարիքի մոտ 65 երեխայի: Նրանց մեծ մասը հաջողված դեպքեր են: Ծրագիրը իրականացվել է Գեղարքունիքի և Լոռու մարզերում: Սա դիտվում է որպես աշխատանք, սակայն երեխան հնարավորություն է ստանում ապրելու ընտանիքում: Առանց խնամատար ծառայության հնարավոր չէ իրականացնել բեռնաթափման ծրագիր, քանի որ ակնհայտորեն կա երեխաների մի ստվար զանգված, ովքեր չունեն հնարավորություն վերադառնալու կենսաբանական ընտանիք կամ գտնել ընտանիքին մոտ գտնվող անձանց, ովքեր կվերցնեն երեխային խնամակալության:
-Որքա՞ն գումար է այսօր կառավարությունը ծախսում նման հաստատություններից մեկում մեկ երեխայի պահելու համար:
- Երբ երեխան գտնվում է հաստատությունում, կախված դրա տիպից, ամսական պետության ծախսը կազմում է 120-200 հազար դրամ, որի մոտ 70-75% վարչական ծախսերն են, այսինքն` երեխայի անմիջական սննդի, հագուստի և այլ կարիքների համար ծախսվում է այդ գումարի ընդամենը 20 տոկոսը: Այնպես որ, ծախսերի արդյունավետության տեսանկյունից հաստատությունները բավականին թանկ են նստում պետության վրա, իսկ երեխայի զարգացման տեսանկյունից այդ հաստատությունները այն վայրը չեն, որտեղ երեխան պետք է գտնվի. կոլեկտիվ դաստիարակության արդյունքում երեխաները հետագայում չեն կարողանում ինտեգրվել հասարակությունում, ընտանիքներ կազմել և այլն: Չեմ ուզում ասել, որ այլընտրանքային ծառայությունները շատ ավելի էժան կլինեն կառավարության համար, քանի որ շատ են անցումային ծախսերը, սակայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը համաձայնել է հանրապետության մարզերի մի մասում ֆինանսավորել ծրագրի անցումային ծախսերը:
- Իսկ ինչպե՞ս է վերափոխվելու հատուկ դպրոցներում գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքը:
- Այսօր Հայաստանում գրեթե բացակայում են հաշմանդամություն ունեցող երեխաների համար համապատասխան վերականգնողական ծառայությունները: Դեպքեր գիտեմ, երբ մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաներին Երևանից Կոշ են ուղարկում` այնտեղ գործող ցերեկային ծառայությունում սպասարկում ստանալու համար: Աուտիզմով հիվանդ երեխաների համար գործում են ընդամենը մի քանի կենտրոններ, որոնք գերբեռնված են, և մարդիկ ֆիզիկապես չեն հասցնում ընդունել թերապիայի կարիք ունեցող բոլոր երեխաներին: Ինչու չունենանք ևս տասը կենտրոն, որոնք հաշմանդամություն ունեցող երեխաներին տարատեսակ վերականգնողական ծառայություն կմատուցեն, երկու գիշերօթիկ հաստատության փոխարեն, որտեղ հարյուրական երեխա է ապրում:
Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի