Հասարակական

Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերն է զարդարում. ՀՀ Նախագահ

2 րոպեի ընթերցում

Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերն է զարդարում. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերն է զարդարում Մայիսի 28-ը: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է և հայկական պետականության վերականգնման փայլուն սկիզբ: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով Հանրապետության օրվա կապակցությամբ ուղերձը:

«Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տոնած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը: Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և՛ Հայաստանում, և՚ Սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, հայ ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչը և հոգևորականը. մենք կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով, հայկական պետականության ստեղծմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության 97-ամյակին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին հանդիսավոր շքերթով, այնուհետև Նախագահը Սարդարապատի թանգարանում պարգևատրեց մշակույթի և արվեստի գործիչների, զինծառայողների, բազմազավակ ընտանիքների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում