Սփյուռք

Բեյրութում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Բեյրութում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի «Farra Design» կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ լիբանանահայ 24 գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսին ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, ազգային կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և «Farra Design» կենտրոնի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսը բացել է կենտրոնի աշխատակից Ժոաննա Հադատը, ով նշել է ցուցահանդեսի՝ «Արվեստագիտությունն ու շքեղությունը» խորագրի կարևորությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Ռաֆայել Ումուդյանը մանրամասներ է ներկայացրել Վատիկանում, Հայաստանում և այլ երկրներում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Արվեստագետների անունից խոսել է գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Եդալյանը:

Այնուհետև «Farra Design» կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ֆարրան անդրադարձել է հայ և լիբանանցի ժովողուրդների պատմության դժվարին էջերին և ընդգծել ցուցահանդեսին ներկայացված տաղանդաշատ հայ արվեստագետների գործերի բարձր մակարդակը:

Եզրափակիչ խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ընդգծել է, որ 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցոռումներն անցկացվում են հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ հիմնական ուղղություններով: Դեսպանը նշել է, որ հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, պահպանելով հավատը համամարդկային արժեքների հանդեպ, իր հարուստ ավանդույթներով, արժեքներով, տաղանդով և ստեղծագործական ավյունով նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում