Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարարն առաջարկել է ՀՀ-ում կազմակերպել Արգենտինայի հայ համայնքի օրեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ սփյուռքի նախարարն առաջարկել է ՀՀ-ում կազմակերպել Արգենտինայի հայ համայնքի օրեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքի նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք, հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Սփյուռքի նախարարը ներկայացրել է արգենտինահայերի ոգևորությունն ու իր շնորհակալությունը, որ Արգենտինայի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և նրանց այսօր միանում են նահանգային իշխանությունները: Նրա խոսքով՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի բեկորներին Արգենտինայի ժողովուրդը և իշխանությունները ապաստան տվեցին և ինքնակազմակերպվելու ու Արգենտինայի հանրությանը ինտեգրվելու հնարավորություն ընձեռեցին: Հրանուշ Հակոբյանը նշել է, որ բարեկամ ժողովրդի բարեհաճության ու մարդասիրության շնորհիվ գողգոթայի ճանապարհներով անցած հայերը ապրելու, արարելու, ազգային ինքնությունը պահպանելու և երկրի զարգացման գործին իրենց մասնակցությունն ունենալու լայն հնարավորություն ստացան:

Նախարարն առաջարկել է դեսպանության աջակցությամբ «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպել «Արգենտինայի հայ համայնքի օրերը Հայատանում» միջոցառումների շարք:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հատկապես տնտեսական կապերի շարունակական զարգացման խնդիրը և որպես հաջողված օրինակ բերել Էդուարդո Էռնեկյանի փորձը: Նրանք անդրադարձել են նոր ներդրումներ ներգրավելու խնդրին:

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել ջերմ, բարեկամական ընդունելության համար և վստահեցրել, որ ակտիվորեն կհամագործակցի Սփյուռքի նախարարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում