Վանի հայերը հացի փռի մոտ. Մորգենթաուն վավերագրական բացառիկ նմուշներ է թողել նաեւ Վանից
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուն հայկական զանգվածային կոտորածների մասին աշխարհին իրազեկելուց բացի, վավերագրական հսկայական նյութ է թողել նաեւ նկարների տեսքով: Վանում հանրային փռի շուրջ հաց ստանալու հույսով հավաքված՝ թուրքական զորքերով շրջապատված հայերի լուսանկարը հրապարակվել է Մորգենթաուի՝ 1918 թվականին Նյու Յորքում լույս տեսած հուշագրության առաջին հրատարակության մեջ: Լուսանկարի բացատրագրում նշված է. «Այս մարդկանց դուրս էին հանել իրենց տներից առանց նախազգուշացման և քշել դեպի անապատ: Բռնագաղթի ժամանակ հազարավոր կանայք, երեխաներ ու տղամարդիկ մահացան ոչ միայն սովից ու զրկանքներից, այլև ուղեկցող զինվորների անմարդկային դաժանությունից»:
Վանը պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից է: Շուրջ երեք հազար տարվա պատմություն ունեցող հայկական այս քաղաքը Մեծ եղեռնի տարիներին զրկվեց հայ ազգաբնակչությունից: 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության հայաբնակ յուրաքանչյուր բնակավայրի նման Վան քաղաքի շրջակա հայկական գյուղերում էլ սկսվեցին կոտորածները, քաղաքի հայ բնակչությունը ապրիլի սկզբին դիմեց ինքնապաշտպանության՝ շուրջ մեկ ամիս դիմադրելով թուրքական բանակի և քրդական անկանոն ջոկատների հարձակումներին:
Ռուսական զորքերի ժամանումից հետո այստեղ ստեղծվեց Վանի նահանգապետությունը, սակայն հուլիսին ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացավ նաև հայ բնակչությունը: Քաղաքի տարածքում տեղի ունեցած մարտերի ժամանակ Վանը վերածվեց փլատակների, իսկ նրանք, ովքեր չկարողացան գաղթել, սպանվեցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը,1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գրել է նաեւ. «...երբ Վանում անսպասելի հայտնվեց ռուսական բանակը, թուրքերը ճողոպրեցին մոտակա շրջաններ` իրենց կատաղությանը հագուրդ տալու համար կոտորելով շրջակա գյուղերի անպաշտպան հայերին: Ամերիկացի միսիոներ դոկտոր Աշերը, ում հիվանդանոցը Վանում ռմբակոծվել էր, կհավաստի, որ թուրքերին դուրս քշելուց հետո ռուսները սկսեցին հավաքել ու հրկիզել այդ գավառում սփռված հայերի 55000 դիակ»: