Տնտեսություն

Նորապատում բացվել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն

3 րոպեի ընթերցում

Նորապատում բացվել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում, Արմավիրի մարզի Նորապատ համայնքում բացվեց գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը ֆինանսավորող դոնոր կազմակերպություններին` նշելով, որ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի բացումը պետություն-մասնավոր հատված համագործակցության կայացման լավագույն օրինակներից է: «Այս կենտրոնը մատակարարելու է այգեգործության համար անհրաժեշտ համապատասխան գործիքները` թունաքիմիկատները, պարարտանյութերը և բոլոր պահանջվող ապրանքները: Մասնագիտացված այս կենտրոնը միտված է զարգացնելու Հայաստանում այգեգործության ոլորտը և նպաստելու առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցեցին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտ են, որ գործընկեր են այս կարևոր և օգտակար կենտրոնի ձևավորման աշխատանքներում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն իր առաջնահերթությունների շարքին է դասում գյուղատնտեսության ոլորտը, քանզի մենք լավ գիտենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներգրավված մարդիկ տարածաշրջանում առավել արդյունավետ տնտեսվարողներից են, և մենք հավատում ենք, որ Հայաստանի գյուղական համայնքներում առկա է աճի և զարգացման մեծ ներուժ»,- շեշտեց նա:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են գյուղատնտեսական պարագաներ, սարքավորումներ և այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն:

Բացի այդ, կենտրոնը Արմավիրի մարզի 25 համայնքների մոտ 2500 գյուղատնտեսների համար կազմակերպելու է սեմինարներ և դասընթացներ, որոնք կվարեն Հայաստանի և օտարերկրյա մասնագետները: Այնծառայելու է նաև որպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների գործնական սեմինարների անցկացման վայր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում