Սփյուռք

ԱՄԷ-ում կայացել է Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում կայացել է Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի «Մադինաթ Արենա» հյուրանոցում մայիսի 9-ին տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները, ԱՄԷ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր։ Որպես պատվավոր հյուրեր` միջոցառմանը ներկա են եղել և ելույթ ունեցել Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը` Հայաստանից, հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան` Ռուսաստանից:

Հյուրանոցի նախասրահում տեղադրվել են Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ավանդն արտացոլող ստենդներ, որոնցից հայկականն ընդգրկել է Հայրենական Մեծ պատերազմի հայազգի հրամանատարների և զինվորների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

Միջոցառման սկզբում ելույթ են ունեցել մասնակից երկրների դեսպանները՝ ներկայացնելով իրենց երկրների ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը շեշտել է, որ ապրիլը հայերի համար ցավի և հիշողության ամիս է, որին հետևում է հաղթանակների մայիսը:

Համերգային ծրագրի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև հայկական «Բարեկամություն» պարային համույթը, որի անդամների կողմից կատարվել է «Քոչարի»-ն: Հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության են արժանացել նաև Երևանից ժամանած Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը, ովքեր կատարել են Միքայել Թարիվերդիևի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում