Սփյուռք

Պրահայում ՀՀ դեսպանը այցելել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ զոհված հայ զինվորի շիրիմին

2 րոպեի ընթերցում

Պրահայում ՀՀ դեսպանը այցելել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ զոհված հայ զինվորի շիրիմին

ՊՐԱՀԱ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի կապակցությամբ՝ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Վիսոչինա երկրամասի Սազավա ավանի ազատագրման համար հերոսաբար զոհված 19-ամյա սյունեցի Արշավիր Դավթյանի շիրիմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջի միջոցով:

«Ուրարտու» հայ-չեխական միության ներկայացուցիչները` Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ, մայիսի 8-ին կազմակերպված տոնական հուշ ձեռնարկին Հայաստանի և Չեխիայի դրոշների ներքո Ա.Դավթյանի շիրմաքարին և զոհված չեխ զինվորների հուշարձանին դրել են ծաղկեպասակներ և ծաղիկներ: Ավանի փողային նվագախումբը կատարել է հաղթական քայլերգ: Հուշարձանի մոտ պատվո պահակախումբ էր կանգնել Սազավայի հրշեջ ծառայության անձնակազմը:

Միջոցառմանը Հայաստանից ժամանել էին հայ հերոսի ազգականները:

Արշավիր Դավթյանի շիրմաքարը պատրաստվել է և Սազավայի կենտրոնում տեղադրվել Բոհուսլավ Տրդլայի ջանքերով: Բնակավայրի ղեկավարությունը և բնակիչները հիացմունքի արժանի խնամքով են պահում այն:

Ձեռնարկի ավարտին «Ուրարտու» միության կողմից կազմակերպվել էր հյուրասիրություն հայակական ավանդական խորովածով, գաթայով, գինիներով և կոնյակով:Բարեկամական ջերմ մթնոլորտում անցած ձեռնարկին մասնակցեցին Սազավայի բազմաթիվ բնակիչներ, Վիսոչինայի և Բռնոյի հայ համայնքների ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում