Լյուքսեմբուրգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
2 րոպեի ընթերցում
![Լյուքսեմբուրգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/05/804540.jpg)
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչողող բանաձև: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լյուքսեմբուրգի խորհրդարանի անդամ Լորեն Մոզարը՝ ովխոստացավ ավելի ուշ ներկայացնել այլ մանրամասներ:
Բանաձևը խորհրդարանին է ներկայացրել Լյուքսեմբուրգի ընդդիմադիր Քրիստոնեա սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը, որի անդամ է Լորեն Մոզարը: Վերջինս ավելի վաղ ընդգծել էր՝ բանաձևի նախագծում նշված է, որ 1915-ին Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ կատարված գազանություններն ու հանցագործությունները ցեղասպանություն են:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Իսկ բոլորովին վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց դիրքորոշումը պաշտոնապես հաստատեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Եվրոպական խորհրդարանը: