Սփյուռք

Շվեդիայում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

4 րոպեի ընթերցում

Շվեդիայում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմի Օսկարշիրկա եկեղեցում ապրիլի 25-ին, իսկ ապրիլի 26-ին Շվեդիայի մայր եկեղեցում՝ Ուպսալայի Դոմշիրկա տաճարում, տեղի են ունեցել Հայաստանի «Գեղարդ» երգչախմբի համերգները՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երգչախմբի կատարմամբ հնչել են հայկական հոգևոր և ազգային երաժշտության լավագույն նմուշներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգներին ներկա են եղել Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Շվեդիայում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ:

Ներկաներին բացման խոսքով դիմել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի խորհուրդը և հայ ժողովրդի երախտիքը Ցեղասպանության ընթացքում հայանպաստ գործունեություն ծավալած անձանց, մասնավորապես, շվեդ կրոնական և քաղաքական գործիչներին։ Նա հայտնել է, որ «Գեղարդի» համերգները հիշատակի տուրք են Ցեղասպանության արդյունքում ոչնչացված մշակութային ժառանգությանը:

Համերգներն արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին:

Ապրիլի 25-ին «Ստոկհոլմի մշակութային գիշեր» ծրագրի շրջանակներում Շվեդիայում ՀՀ դեսպանությունում բացվել է «100 տարվա լքվածություն. հայկական հուշարձաններ և եկեղեցիներ» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական ճարտարապետության կոթողների անմխիթար վիճակը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո պատկերված լուսանկարների համեմատության միջոցով: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություներ։ Ներկայացվել են Արմեն Խաչատրյանի «Վերադարձ, կամ մենք կանք», Պեր Հոլմքվիսթի և Սյուզան Խարդալյանի «Վերադարձ դեպի Արարատ», Էրիկ Հաչիկյանի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» և Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմերը:

Ապրիլի 25-ին Ուպսալայի հանրային գրադարանում տեղի են ունեցել գրական ընթերցումներ՝ կազմակերպված Ուպսալայի հայ մշակութային միության կողմից՝ համագործակցությամբ «ABF» կրթական և մշակութային կազմակերպության և Ուպսալայում մյուս հայկական միությունների: Միջոցառումը սկսվել է Եվրոպայի հայերի միության նախագահ Կարո Հակոբյանի բացման խոսքով: Ելույթ են ունեցել և հայ գրականության ընթերցումներով հանդես եկել Ուպսալայի քաղաքային խորհրդի անդամ, բանաստեղծ Փիթեր Գյուստավսոնը, թարգմանիչ Սթիգ Լինդսթրյոմը, բանաստեղծ և երաժիշտ Մարթին Զիան: Ծրագրի շրջանակներում ելույթ են ունեցել տեղի հայ համայնքի պատանի երաժիշտները: Ծրագրի ավարտին ցուցադրվել է «Աղետ» վավերագրական ֆիլմը:

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզմանին, ով Ցեղասպանության տարիներին միսիոներական գործունեություն է իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանքը։ Միջոցառմանը մասնակցել են դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարները, Հայաստանում Ցեղասպանության տարիներին միսիոներական գործունեություն ծավալած Կանանց միսիոներական աշխատողներ (K.M.A.) կազմակերպության վերջին քարտուղար Կարին Լինդահլը։ Միջոցառումն սկսվել է հոգեհանգստի ծիսակատարությամբ, որից հետո ելույթով է հանդես եկել Ալմա Յոհանսոնի վերաբերյալ մենագրության հեղինակ, շվեդ հրապարակախոս Յաննե Կարլսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում