«Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի». նոր գիրքն իտալացիներին կհիշեցնի այն, ինչը չի կարելի մոռանալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի. վերջին ականատեսների զարմանալի պատմությունը» գիրքն իտալախոս ընթերցողներին կպատմի հայ ժողովրդի մեկդարյա ցավի ու Թուրքիայի մեկդարյա ժխտման մասին: Իտալիայում Հայաստանի դեսպանության և «Արմենպրես» լրատվական գործակալության աջակցությամբ լույս է տեսել նոր աշխատություն, որը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների պատմությունների կողքին ներկայացնում է պատմական իրողությունն իր փաստական կողմերով: Գրքի համահեղինակներն են իտալացի լրագրողներ Ալեսսանդրո Արամուն, Ջիան Միքալեսսին և Աննա Մացոնեն: Իտալիայում լույս տեսած գրքի նախաձեռնողն «Ասադաքահ» իտալա-արաբական կենտրոնն է: Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի ստեղծման գործում իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Ջիանկարլո Պագլիարինին, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

«Այս գիրքը յուրատեսակ ուղևորություն է դեպի այն մարդկանց վիշտը, ովքեր տառապել են սարսափելի կոտորածներից: Դա միևնույն ժամանակ նաև ուղևորություն է դեպի հույս, քանի որ նոր սերունդները պետք է երբեք չմոռանան, ինչ է պատահել անցյալում: Գիրքը հասցեագրված է երիտասարդ իտալացիներին, ովքեր պետք է իմանան, թե ինչ է տեղի ունեցել հարյուր տարի առաջ: Այս հանցագործությունը չի կարելի մոռանալ: Հենց այս պատճառով մենք կաշխատենք ամեն օր՝ համոզվելու, որ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է միջազգային հարթակում՝ սկսած հենց Թուրքիայից: Գիրքը նախ և առաջ աշխատանք է ընդդեմ ժխտման, անկախ այն հանգամանքից, թե որտեղից է այդ ժխտումը գալիս»,- գրքի մասին նշել են Ալեսսանդրո Արամուն և Ռոմուլուս Էուկալիտոն:

«Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի» գիրքը ներկայացնում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայերի սարսափելի և սիստեմատիկ ոչնչացման մասին: Այն պատմում է, թե ինչպես ապրիլի 24-իս սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում ավելի քան հազար մտավորական, այդ թվում լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ ու անգամ պատգամավորներ քշվեցին երկրի խորքերը և ճանապարհին սպանվեցին: Այդ մահվան երթի ժամանակ հարյուր հազարավոր հայեր սովամահ եղան, մահացան հիվանդություններից կամ ուժասպառությունից: Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց իտալացի լրագրող Ալեսսանդրո Արամուն և հայտնի իտալացի լուսանկարիչ Ռոմուլո Էուկալիտոն Երևանում հանդիպել են վերջին ականատեսներին այն ողբերգության, որը Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել: «Հայոց ցեղասպանություն. լռության 100 տարի» գիրքը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը նոր սերնդի միջոցով բախվում ընդհանուր հիշողության մարտահրավերին՝ որպես ինքնության անբաժան տարր: Այն հատուկ անդրադարձ է կատարում հայ կանանց և նրանց ունեցած դերին: Մասնավորապես խոսվում է այն մասին, որ հայ կանայք իրենց քաջության և ուժի շնորհիվ կարողացել են կենդանի պահել մշակույթն այն մարդկանց, ում ոչնչացնելու գործում թուրքերը ձախողվել են:

Գրքի հեղինակները փաստել են նաև, որ մեր օրերում հայերը Մերձավոր Արևելքում տառապում են մեկ այլ ցեղասպանությունից իսլամիստ արմատական ԻԼԻՊ-ի կողմից: Գրքի երկրորդ հատվածում իտալացի ռազմական լրագրող Ջիան Միքալեսսին ներկայացնում է Սիրիայում իր ունեցած փորձառությունները, այդ տարածաշրջանում քրիստոնյաների կրած տառապանքները:

Գրքի վերջում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, որը ներկայացնում է Աննա Մացոնեն:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA