Պաշտոնական

Հերմինե Նաղդալյանն Աժ-ում ընդունել է Մարոկկոյի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հերմինե Նաղդալյանն Աժ-ում ընդունել է Մարոկկոյի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի շրջանակներում ապրիլի 8-ին հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսիի, պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակիի եւ մարոկկացի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ այցը նոր էջ կբացի երկու երկրների բարեկամական հարաբերություններում եւ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերը կնպաստեն Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ քաղաքական ու միջկուսակցական երկխոսության ակտիվացմանը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը: Նա կարեւորել է Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է գործարարների համար՝ ծանոթանալու երկու երկրների տնտեսական վիճակին եւ երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Նաիրա Զոհրաբյանը եւս անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ հույս հայտնելով, որ դեսպանն ու հյուպատոսը իրենց գործուն աջակցությունը կունենան այդ կապերի ամրապնդման հարցում:

Մինա Թունսին եւ Մեհդի Լարակին հաստատել են իրենց պատրաստակամությունը նպաստելու երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Այս համատեքստում կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը, կին խորհրդարանականների համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, համագործակցությանը նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում