Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի: Քննարկվել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունության և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ու քայլերի շարունակականությունը:

Հանդիպմանն արծարծվել են նաև ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ գործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում