«Հաղթանակի գեներալները». Սերգեյ Ագանով
11 րոպեի ընթերցում

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ զինված ուժերի ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանովին:
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարշալը ծնվել է 1917 թվականի հունիսի 4-ին Աստրախանում`ազգությամբ հայ Քրիստափոր Ագանովի և ռուս դերասանուհի-երգչուհի Մարիա Ֆրոլովայի ընտանիքում: Սերգեյ Ագանովի ազգականները հորական գծով սերում են Արցախից:
Փականագործի օգնականից մինչև ինժեներական զորքերի սպա
Սերգեյ Ագանովը մինչև 1929թվականը սովորել է Բաքվում: Այնուհետև` նա ընդունվել է Մոսկվայի տրամվայի տեխնիկումի ուժային ենթակայանների բաժին: 1935 թվականի ապրիլից մինչև 1937 թվականի հունիս Ագանովն աշխատել է Մոսկվայի Կույբիշևի անվան էլեկտրակոմբինատում՝ որպես փականագործի օգնական, այնուհետև՝ հավաքող-փականագործների բրիգադավար: Հետագայում`Սերգեյը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի բանվորական ֆակուլտետի երեկոյան բաժնում`ավարտելով միջնակարգ դպրոցը: 1938 թվականի ընդունվում է Մոսկվայի ռազմաինժեներական բարձրագույն ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտելով դառնում է ինժեներական զորքերի սպա:
Առաջին մարտական մկրտությունը
1940 թվականի հունվարի 31-ին Սերգեյ Ագանովը ստանում է լեյտենանտի կոչում և նշանակվում Լենինգրադյան զինվորական օկրուգի 7-րդ բանակի 123-րդ հրաձգային դիվիզիայի 257-րդ առանձին սակրային գումարտակի սակրային դասակի հրամանատար: Երիտասարդ հրամանատարն ակտիվորեն մասնակցում է խորհրդա-ֆիննական պատերազմին: Ձմռան պայմաններում ընթացող դաժան և արյունահեղ մարտերում լեյտենանտ Ագանովը գործնականում օգտագործելով իր գիտելիքները` կատարելագործում է սակրավորի վտանգավոր, սակայն անհրաժեշտ մասնագիտությունը՝ ձեռք բերելով նաև հրամանատարական հմտություններ: Տեսնելով Ագանովի տաղանդը` նրան նշանակում են սակրային վաշտի հրամանատար: Մաններհայմի հանրահայտ գծի պաշտպանությունը ճեղքող մարտերում աչքի ընկնելով`Ագանովն արժանանում է Լենինի շքանշանի: Բացի այդ` 123- րդ հրաձգային դիվիզիայի ողջ անձնակազմին գերագույն հրամանատարությունը շնորհակալություն է հայտարարում: Կլիմենտ Հարությունյան, «Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանով», 2012թ., Երևան
Հայրենական մեծ պատերազմ
Հայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանում՝ մինչև 1942 թվականի նոյեմբերը, Սերգեյ Ագանովը որպես 257-րդ սակրային գումարտակի սակրային վաշտի հրամանատար, ապա՝ գումարտակի շտաբի պետ սկզբում մարտնչում էր Լենինգրադյան, ապա Վոլխովյան ռազմաճակատների 23-րդ բանակի Լենինի շքանշանակիր 123-րդ հրաձգային դիվիզիայի շարքերում: Նա Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում կրեց պաշարված քաղաքի բնակիչների բոլոր զրկանքները և պաշարման դաժան հետևանքները:
1941 թվականի հոկտեմբերի 24-ին Սերգեյ Ագանովին շնորհվեց ավագ լեյտենանտի, իսկ 1942 թվականի փետրվարի 28-ին՝ կապիտանի կոչում, և նա նշանակվեց Լենինգրադյան ռազմաճակատի 54-րդ բանակի 136-րդ առանձին մոտոինժեներային գումարտակի հրամանատար: 1942 թվականի ապրիլին կապիտան Ագանովն արդեն 54-րդ բանակի ինժեներական զորքերի շտաբի պետի օգնականն էր: Հակառակորդի հրետանային, ականանետային և գնդացրային ուժեղ կրակի տակ ականապատման և ականազերծման աշխատանքները հմտորեն ղեկավարելու և ցուցաբերած քաջության համար կապիտան Ագանովը ստացել է իր առաջին մարտական պարգևը «Արիության համար» մեդալով:
1942թվականի նոյեմբերին նա դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի արգելափակոցների ու ականափակոցների բաժնի պետի օգնական, իսկ 1943 թվականի հոկտեմբերին` շտաբի օպերատիվ բաժնի պետի օգնական: Հրամանատարության մարտական առաջադրանքները ժամանակին կատարելու և այդ ընթացքում ցուցաբերած քաջության համար մայոր Ագանովին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը պարգևատրել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: 1944 թվականի հոկտեմբերի 31-ին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում: Օգանովը դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի ավագ օգնական, որը նա վարում է մինչև պատերազմի ավարտը: ԿլիմենտՀարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում1941-1945թթ.», 2010թ.
Հետպատերազմյան շրջան
Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի հմուտ ղեկավարությամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերը ոչ միայն կրում են էական կառուցվածքային փոփոխություններ, այլև հիմնովին բարելավվում է նրանց տեխնիկական զինվածությունը, մշակվում են նոր միջոցներ՝ հարձակողական և պաշտպանական գործողությունների ժամանակ զորքերի համապատասխան մասնագիտական սպասարկման և ապահովման համար: Մարշալը մեծ ներդրում ունեցավ հատկապես ինժեներական զորքերի սպառազինության նորացման և արդիականացման ասպարեզում, որի համար նա 1981 թվականին արժանացավ պետական մրցանակի: Միաժամանակ նա զգալի գործ կատարեց ռազմաինժեներական գիտության զարգացման և ինժեներական զորքերի հրամանատարական կազմի կրթական մակարդակի բարձրացման բնագավառում: Կլիմենտ Հարությունյան, «Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանով», 2012թ., Երևան
Չերնոբիլի աղետը
Որպես պետական հանձնաժողովի անդամ`1986 թվականի ապրիլին Ագանովը, վտանգի ենթարկելով սեփական առողջությունը, անձամբ ղեկավարել է ինժեներական զորքերի աշխատանքը Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանների աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ, որի համար պարգևատրվել է Լենինի շքանշանով: Վտանգի ենթարկելով կյանքը՝ նա մի քանի անգամ եղել է Աֆղանստանում, անձամբ ղեկավարել ինժեներական զորքերի մարտական գործողությունները Աֆղանստանի Ժողովրդական Հանրապետությանը ինտերնացիոնալ օգնություն ցուցաբերելու ժամանակ, պարգևատրվել «Ինտերնացիոնալիստ մարտիկին՝ Աֆղանստանի երախտապարտ ժողովրդից» մեդալով: 1987 թվականի մարտից մինչև իր կյանքի վերջը ինժեներական զորքերի մարշալ Ագանովն աշխատում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբում: 1992թվականին Ագանովը թոշակի է անցնում:
Հայ ժողովրդի տաղանդավոր զորավարը երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է 1996 թվականի փետրվարի 1-ին Մոսկվայում և թաղվել է տեղի Տրոյեկուրովսկի գերեզմանատանը:
Հետաքրքիր փաստ
Ծառայության ընթացքում Ագանովը այցելել է Հայաստան և օգնել այստեղ տեղակայված խորհրդային 7-րդ գվարդիական բանակին ինժեներական զորքերի պաշտպանական բնույթի կառույցների, ճանապարհների ու կամուրջների շինարարական աշխատանքներին: ԿլիմենտՀարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում1941-1945թթ.», 2010թ.
Կենսագրական լրացուցիչ տվյալներ
Հայրենական մեծ պատերազմից հետո փոխգնդապետ Ս. Ագանովը 1946 թվականի ապրիլի 18-ից մինչև 1951 թ. հունվարի 16-ը վարել է Խորհրդային բանակի ինժեներական զորքերի շտաբի 1-ին բաժնի ավագ սպայի, այնուհետև մինչև 1952 թ. հունվարի 28-ը՝ շտաբի 3-րդ բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
1947–1950 թվականներին փոխգնդապետ Ագանովը հեռակայել և ոսկե մեդալով ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1951 թվականի փետրվարի 17-ին շնորհվել է գնդապետի կոչում: Գնդապետ Ագանովին 1952 թվականի հունվարի 28-ին վստահվել է Խորհրդային բանակի ինժեներական զորքերի շտաբի 1-ին բաժնի պետի պատասխանատու պաշտոնը: 1953 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 1955 թվականի նոյեմբերի 26-ը գնդապետ Ագանովը սովորել է Կ. Վորոշիլովի անվան գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Ավարտելուց հետո նշանակվել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբավորման 8-րդ գվարդիական բանակի ինժեներական զորքերի պետ:
1959 թվականի մայիսի 25-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ Ագանովին շնորհվել է ինժեներական զորքերի գեներալ-մայորի կոչում: 1960 թվականի սեպտեմբերից մինչև 1963 թվականի դեկտեմբեր ինժեներական զորքերի գեներալ-մայոր նա աշխատել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ռազմաինժեներական ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, ապա` ամբիոնի վարիչի տեղակալ: 1964 թվականի նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ռազմական գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 1966 թվականի նրան շնորհվել է դոցենտի կոչում:
1967 թվականի հունվարի 18-ին գեներալ Ագանովը նշանակվել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբավորման ինժեներական զորքերի պետ և այդ պաշտոնում ծառայել մինչև 1970 թվականի հունվարի 9-ը: 1969 թվականի փետրվարի 21-ին նրան շնորհվել է ինժեներական զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում:
1970–1974 թվականների ինժեներական զորքերի լեյտենանտ Ս. Ագանովը վարում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի պետի տեղակալի պաշտոնը: 1974 թվականի ապրիլի 29-ից մինչև 1975 թվականի մարտի 26-ն Ագանովը Վ. Կույբիշևի անվան ռազմա-ինժեներական ակադեմիայի պետն էր: 1975 թվականի մարտի 26-ին նա նշանակվում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի պետ: Այդ բարձր պաշտոնում Ագանովն աշխատում է շուրջ 12 տարի:
1980 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Սերգեյ Ագանովին շնորհվում է ինժեներական զորքերի մարշալի կոչում:
Կոչումները
Սերգեյ Ագանովը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կուտուզովի 1-ին աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանների, Կարմիր աստղի երկու, «ԽՍՀՄ զինված ուժերի կազմում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի» շքանշաններով, «Արիության համար» «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով: