Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի զենիթայինների դաշտային պարամունքները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները «Կամխուտ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դաշտային հավաքների են ձեռնամուխ եղել ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա: Ուսումնական միջոցառումներում ներգրավված են զենիթահրթիռային ստորաբաժանումների շուրջ 300 զինծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դաշտային պարապմունքների ժամանակ կանցկացվեն պայմանական հակառակորդի առանձին եւ խմբային օդային թիրախների հարձակման դիմագրավման վարժանքներ, որոնց ընթացքում զինծառայողները կլուծեն 100-ից ավելի մարտավարական խնդիրներ առանց մարտական հրաձգությունների, ակտիվ աղմուկային խանգարումների, հակատեղորոշիչ հրթիռների կիրառման պայմաններում:
«Բանակային միջազգային խաղեր-2015»-ին, մասնավորապես, «հակաօդային պաշտպանության վարպետներ» մրցույթին զենիթահրթիռային անձնակազմերի պատրաստման շրջանակներում միավորումում տեղի կունենա առաջին ընտրական փուլը:
«Կամխուտ» բարձրլեռնային զինափորձարանում դաշտային պարապմունքների ավարտից հետո հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները զինավարժանքների կմեկնեն Կապուստին Յարի զինափորձարան: Այնտեղ նրանք կպատրաստվեն զենիթայինների համառուսաստանյան մրցումներին, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա օգոստոսին: