ՀՀ Նախագահը Հայաստանն արաբական երկրների համար ԵՏՄ շուկա դուրս գալու լավագույն տարբերակ է համարում
2 րոպեի ընթերցում
![ՀՀ Նախագահը Հայաստանն արաբական երկրների համար ԵՏՄ շուկա դուրս գալու լավագույն տարբերակ է համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/798239.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեծ կարևորություն է տալիս արաբական երկրների հետ տնտեսական կապերի խորացմանը: Այս մասին նա հայտնեց «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ: «Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք արաբական երկրների հետ, երկու օր առաջ է մեր վարչապետը վերադարձել Քուվեյթից ու Եգիպտոսից, դրանից առաջ մեզ մոտ էին Արաբական Միացյալ էմիրությունների ներկայացուցիչները: Մենք միջպետական հանձնաժողովների ակտիվացման ճանապարհով անպայման մոտ ժամանակներս կհասնենք շոշափելի արդյունքների: Սա մեզ համար էական նշանակություն ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Նախագահը:
Նրա դիտարկմամբ` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ Հայաստանն էականորեն մեծացրել է իր շուկան, ինչն արաբական երկրների համար կարող է գրավիչ լինել: «Հայաստանը շատ հանգիստ կարող է լինել մի վայր, ուր կարելի է արտադրել ու ապրանքներ մատակարարել ԵՏՄ անդամ այլ երկրների»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը, խոսելով Հայաստանի որդեգրած «բաց երկնքի քաղաքականության» մասին` ուրախությամբ փաստեց, որ վերջին ամիսներին արաբական երկրներից արդեն չորս նոր չվերթներ են հաստատվել, ինչը շփումների սերտացման մասին է խոսում:
Սերժ Սարգսյանը անդրադարձավ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին` նշելով, որ այն հետք է թողնում նաև Հայաստանի վրա: «Պատճառը ոչ միայն այն է, որ անկայունությունը խաթարում է տնտեսական իրավիճակը, այլ նաև այն պատճառով, որ մենք Սիրիայում, Իրաքում, ինչպես նաև Լիբանանում ունենք հոծ հայկական համայնք: Մեզ համար միանշանակ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում: Բացի այդ, Մերձավոր Արևելքում ոչնչացվում են այն մշակութային արժեքները, որոնք մեր ժողովուրդն իր արաբ բարեկամների հետ ստեղծել է տարիներ շարունակ: Մեզ համար ցավալի է, որ ահաբեկիչները պայթերցին Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, ուր պահվում են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները»,- նշեց ՀՀ Նախագահը` շեշտելով, որ դա մարդկային հիշողությունը ջնջելուփորձ է: