Հասարակական

Առաջիկայում կհայտարարվի մարդասիրությանը նվիրված նոր նախագծի՝ 100 LIVES-ի մեկնարկը

5 րոպեի ընթերցում

Առաջիկայում կհայտարարվի մարդասիրությանը նվիրված նոր նախագծի՝ 100 LIVES-ի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի հետ:

-Պրն Գեւորգյան,«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ծրագրերը թեեւ հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, բայց հիմնադրամը նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներ եւ ծրագրեր է նախատեսում իրականացնել: Այս հարցազրույցում կցանկանայինք անդրադառնալ հատկապես դրանց: Կմանրամասնեք՝ ի՞նչ կարեւոր միջոցառումներ են ծրագրվում տարվա ընթացքում:

- «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն, իսկապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված տարբեր ծավալի եւ բովանդակության մի շարք միջոցառումներ է իրականացնում՝ սկսած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցության ցուցաբերումից մինչեւ Դիլիջանի քոլեջում անվանի պատմաբանների եւ ցեղասպանագետների դասախոսությունների կազմակերպում:

Դիլիջանի քոլեջում, ինչպես տեղյակ եք, դասախոսությունների շարքն սկսեց Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ, «Անընդունելի անտարբերություն» գրքի հեղինակՅաիր Աուրոնը: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում քոլեջը կհյուրընկալի հայտնի այլ գիտնականների: Ընդհանուր թեման վերաբերելու է մարդասիրությանը, կարծում ենք, սա իսկապես օգտակար կլինի այնտեղ ուսանող պատանիների եւ երիտասարդների համար:

Հիմնադրամը նաեւ աջակցություն է ցուցաբերել «1915» ֆիլմի նկարահանմանը, որի պրեմիերան, եթե չեմ սխալվում, նախատեսվում է ապրիլին:

Թեեւ, ինչպես նշեցիք, IDeA-ն հիմնականում տարածաշրջանների եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնամասշտաբ եւ երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում, բայց հումանիտար եւ համահայկական ուղղությունը նույնպես կարեւոր է հիմնադրամի համար, եւմեր նախագծերից մեկը նվիրված է լինելու հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կոչվելու է 100 LIVES («100 կյանք»):

- IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել էր այդ նոր ծրագրին, որի միջոցով հնարավոր կլինի երախտագիտություն հայտնելՀայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնած ազգերին ու կազմակերպություններին: Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակն ու էությունը, ե՞րբ եք նախատեսում մեկնարկել:

-100 LIVES նախագծի մեկնարկը տրվելու է մարտի 10-ին՝ Նյու Յորքում: Նախագծի համահիմնադիրներն են IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ամերիկաբնակ հայազգի գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Նախագիծը մի քանի կարեւոր բաղադրիչ է ունենալու: Առաջինը՝ հինգ լեզվով նոր կայքի գործարկումն է, որում տեղ կգտնեն ցեղասպանությունից փրկված հայերի մասին մինչ օրս անհայտ պատմություններ, այսինքն՝ հարյուր եւ ավելի կյանքերի փրկության պատմություններ, որոնք կներկայացվեն ողջ աշխարհին: Նախագծին կից ստեղծվել է հայտնի պատմաբաններից կազմված խորհուրդ, որն զբաղվում է պատմությունների մշակման եւ ճշգրտման աշխատանքներով, աշխարհում այդ պատմությունների հանրայնացման նպատակով ներգրավվել է նաեւ հանրային կապերի ոլորտում հայտնի միջազգային ընկերություններից մեկը: Բացի այդ, կայքի այցելուները նույնպես հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ընտանիքների փրկության պատմությունները:

Մյուս բաղադրիչը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութերի թվայնացումն է: Նախատեսում ենք, որ կթվայնացվի տարբեր երկրների արխիվներում պահվող՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ավելի քան 600 հազար էջ փաստաթուղթ: Աջակցություն է ցուցաբերվում նաեւ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացմանը. այդ նպատակով IDeA-ն արդեն երկու պրոֆեսիոնալ սքաներներ է նվիրաբերել Հայաստանի ազգային արխիվին:Նախագծի մյուս՝ թերեւս ամենակարեւոր բաղադրիչի մասին կհայտարարվի արդեն ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Բացի նշածս բաղադրիչներից, նախատեսվում է, որ կիրականացվեն նաեւ խորհրդանշական՝ երախտագիտության նախագծեր: Դրանք կլինեն տարբեր ծրագրեր՝ ուղղված այն կազմակերպություններին, համայնքներին կամ կիրականացվեն այն վայրերում, որոնք առնչություն են ունեցել Ցեղասպանությունից հայերի փրկության հետ:

100 LIVES նախագիծը նվիրված է 100-րդ տարելիցին, բայց, պետք է ընդգծել, որ այն ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի մասին է: Երախտագիտության տուրք է ուղղված նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնելով՝ մեր ժողովրդին վերածնվելու հնարավորություն են տվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում