Համահայկական խաղերի մասնակիցներն այս տարի միակամ են լինելու պահանջատիրության հարցում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մարզական տարին լեցուն է միջազգային մրցաշարերով և, որ ամենակարևորներից է, այս տարի մայր հայրենիքում արդեն 6-րդ անգամ կկայանան Համահայկական ամառային խաղերը: Աշխարհի տարբեր ծայրերից մարզական նույն հարկի տակ կհավաքվեն պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ` ևս մեկ անգամ միմյանց հետ կապելով Հայաստանը, Արցախը և Սփյուռքը:

«Ահավասիկ, 6-րդ խաղերի շեմին ենք գտնվում, և հպարտությամբ կարելի է ասել, որ նախկին հինգ Խաղերի ընթացքում մասնակից քաղաքների և թիմերի թվի շարունակական աճը, մարզաձևերի ավելացումը (այս տարի` 17 մարզաձեւ), գրանցված մարզական արդյունքները, բոլոր մասնակիցների մեջ առաջացած անբացատրելի եռանդն ու ոգեւորությունը մեծապես ամրապնդեցին մեկ ազգի, մեկ նպատակի, մեկ համոզմունքի և մեկ տեսլականի գաղափարը: Հայ ժողովուրդի դեմ կատարված Ցեղասպանության 100-րդ տարելիցն այս տարվա խաղերի բոլոր մասնակիցներին կտա ազգային միակամ պահանջատիրության անսասանություն, արմատային խարսխում` մեր զոհերին չմոռնալու ու միշտ իրենց անմեղ հիշատակը վառ պահելու համար: Եվ վերջապես, ամեն մի մասնակից առավել ևս կգա` մեր ազգի թշնամիներին ցույց տալու, թե հայ ժողովուրդը կշարունակի գոյատևել, բազմանալ, հզորանալ և ի վիճակի է տեր կանգնել Հայաստանին, Արցախին և մեր դարավոր իրավունքներին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Սեպուհ Պաղտոյանը (Ավստրիա, Վիեննա):

Համահայկական առաջին ամառային խաղերը կայացել են 1999 թվականին Երևանում: Այդ խաղերին մասնակցել են 1141 մարզիկ: Առաջին խաղերի մասնակից երկրների թիվը կազմել է 23, իսկ մասնակից քաղաքներինը`63: Մարզաձևերը եղել են 7-ը:

Երկրորդ համահայկականին, որը կայացել է 2001 թվականին, մասնակցել են 1419 մարզիկ: Մասնակից երկրները 27-ն էին, իսկ քաղաքները` 82-ը: Այդ տարի մարզիկները մրցում էին 9 մարզաձևերում:

Երրորդ խաղերը 2003 թվականին էին` Երևանում: Խաղերի մասնակիցների թիվը կազմում էր 1559, ովքեր մրցում էին 10 մարզաձևում: Մասնակից երկրների թիվը 28 էր, իսկ քաղաքներինը` 82:

«Արդեն պարզ է, որ այս Խաղերը մասնակիցների թվով ամենամեծն են լինելու: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նման մեծ մաշտաբի մարզական խաղեր անցկացնելը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու հայության հարատևությունը, հայի անկոտրում կամքը, հայի՝ հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու ապագայում հզոր հայրենիք ունենալու իղձի անդառնալիությունը: Վերջապես, աշխարհասփյուռ հայությունը հավաքվում է հայրենիքում, այլ ոչ թե ինչ-որ այլ երկրում: Հայրենիքում հավաքը նաև խորհրդանշում է երկար տարիներ հայության մեկ այլ ցանկության իրականացման սկիզբը՝ «հայահավաքը», հետո արդեն կմտածենք «հողահավաքի» մասին: Ամեն ինչ իր հերթին և առանց շտապելու: Կարևորը կամքն է, նաև` մարզական»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Հարություն Հարությունյանը (Հայաստան, Երևան):

Համահայկական չորրորդ ամառային խաղերը կայացել են 2007 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այդ Խաղերին առանձին թիմեր էին ներկայացրել 94 երկիր և 28 քաղաք: Մարզիկների ընդհանուր թիվը`1576:

Համահայկական հինգերորդ մարզախաղերը կայացան 2011 թվականին: 3244 մարզիկներ աշխարհի 33 երկրից և 125 քաղաքից մրցեցին 10 մարզաձևում:

Համահայկական 6-րդ մարզախաղերն այս տարի կանցկացվեն օգոստոսի 2-13-ը:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարներն «Արմենպրես»-ի արխիվից

Հայերեն English Русский

Թրամփը Գազայի հատվածը «կարևոր անշարժ գույք» է անվանել

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր

ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին գործընկերների հետ բանակցություններ կվարի մաքսատուրքերի շուրջ

Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն

France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզան Երևանում կհանդիպի ոլորտի մասնագետներին

Զինվորի տան նոր այցեքարտը. կենտրոնի բակում բացված սրճարանի շահույթը կուղղվի հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է

ԱՄՆ պաշտպանական բյուջեն կկազմի աննախադեպ 1 տրիլիոն դոլար. Թրամփ