Հայկական Zangi-ն «ձեռնոց է նետում» Skype-ին ու Viber-ին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսազանգեր, աուդիո զանգեր ու մի շարք այլ ծառայություններ առաջարկող հայկական արտադրության Zangi հավելվածը կարող է փոխարինել մեծաթիվ հայերի կողմից օգտագործվող Skype-ին և Viber-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք, առանց համեստության, աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից են հեռահաղորդակցության ոլորտում և մի շարք չափանիշներով գերազանցում են վերոնշյալ ծրագրերին:

Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` նմանատիպ հավելված ստեղծելու գաղափարն առաջացել է մոտ 5 տարի առաջ, երբ տեղի ունեցավ սմարտֆոների հեղափոխությունը, իսկ թվային կապը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում թրենդային ուղղություն էր դառնում: Zangi-ի թիմն այդ ժամանակ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պատճառով մեծ քայլեր չարեց` իր գործունեության շեշտադրումը հիմնականում դնելով դրսի պատվերների իրականացման վրա: Միաժամանակ, մշակվեցին Zangi համակարգի համար անհրաժեշտ գործիքները, ու այժմ այն թվային կապի օպերատոր է, որի սերվերները դրված են աշխարհով մեկ: «Փորձեցինք քայլ առ քայլ զարգանալ, ճիշտ է այդ գործընթացը մեզ մոտ երկար տևեց, եթե ավելի շատ ռեսուրս ունենայինք, ավելի շուտ հաջողության կհասնեինք: Այժմյան համաշխարհային լիդեր դարձած Whats up-ը, Viber-ը, Tango-ն կամ Line-ը, սկսել են մեզ հետ միաժամանակ, գաղափարն էլ իրենց մոտ այդ ժամանակ առաջացավ` մի քանի ամիսների տարբերությամբ` հնարավոր է մի քիչ ուշ կամ շուտ: Իրենք ավելի շատ ռեսուրս ունեին, արագ աճեցին, բայց մենք էլ հետ չմնացինք, հետ մնացինք բիզնեսի առումով, բայց տեխնոլոգիական առումով բավականին լուրջ լուծումներ ունենք»,-ասաց նա:

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` իրենց հիմնական նորարարությունները կապված են ինտերնետ տրանսպորտի հետ: «Մենք լավացրել ենք ինտերնետ-տրանսպորտի տեսակը, Zangi-ն նույն ինտերնետ ալիքով կարողանում է տեղափոխել մոտ 20 տոկոս ավելի շատ տվյալներ: Եթե այս տեխնոլոգիայով ինչ-որ ֆայլ բեռնեք կամ ներբեռնեք, ավելի արագ կլինի: Տեսազանգերի ժամանակ հենց այդ տեխնոլոգիան է օգտագործվում: Ինտերնետում տվյալների փոխանցման ժամանակ կան կորուստներ` 10-20 տոկոսի չափով, և մեր մյուս նորարարությունը կորուստների վերականգնումն է: Տրանսպորտի տեսակների մեջ է հաջորդ նորարարությունը, կարող են ավելի լավ պայմաններով տեղափոխել ինտերնետ-տվյալները»,-նշեց Վահրամ Մարտիրոսյանը` հավելելով, որ Zangi հավելվածը միայն այսբերգի երևացող գագաթն է:

Ծրագրի հիմնադրի խոսքով` իրենց տեխնոլոգիայի ներուժի մի մասն է դեռ ռեալիզացվել ու իրենք ներկայում աշխատում են ծառայությունների որակի կատարելագործման վրա: «Մենք առաջինն ենք աշխարհում, որ հեռախոսների կամ պլանշետների վրա ունենք 720p վիդեոստանդարտ: Դա հեռուսատեսային ստանդարտ է, շուտով Ipad-ի վրա կլինի 720p-ն App store-ում, այսինքն` ուղիղ հեռարձակմամբ տեսանյութերը հնարավոր կլինի նայել այնպես, ինչպես արդեն տեսագրված տեսահոլովակը: 2015-ի կեսերին կունենանք full HD 1080p, այսինքն` տանում ենք նրան, որ ուղիղ տեսանյութը ստատիկ տեսանյութից չտարբերվի»,-ասաց Zangi-ի հիմնադիրը:

Բացի այդ` Zangi-ում շուտով կմտնեն այլ ծառայություններ ևս` հաղորդակցությունների կառավարում, որը հնարավորություն կտա ձայնագրել, տեսագրել հավելվածի միջոցով, իսկ ամբողջ ձայնագրությունները կպահվեն Zangi-ի ամպային պահոցներում, հնարավորություն կլինի վերնագրել ձայնագրությունը, իսկ փնտրման կոճակի միջոցով անհրաժեշտ ձայնագրությունը հնարավոր կլինի հեշտորեն գտնել:

Ինչ վերաբերում է անվտանգության բաղադրիչին, ապա Zangi-ի դեպքում բազմաշերտ անվտանգության համակարգ է կիրառվում: «Սկսած սովորական կոդավորման համակարգերից մինչև դինամիկ բանալիների համակարգ, որ ամեն ժամանակ մի բանալի է օգտագործվում, հետո փոխվում է և, եթե այդ բանալին գտնեն, հաջորդը չեն կարող: Շատ դժվար կլինի Zangi-ի համակարգը կոտրել ու լսել: Skype-ի համեմատ` մի շերտ ավելի անվտանգ է մերը»,-փաստեց Վահրամ Մարտիրոսյանը:

Zangi-ին տալիս է հնարավորություն ինտերնետի բացակայության պայմաններում կապ հաստատել համակարգի օպերատորի հետ ու նրա միջոցով միանալ նրան, ում ցանկանում ես: Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` դա կփոխարինի զբոսաշրջային քարտերին:

Zangi-ն հասանելի է Անդրոիդ ու iOS հարթակների, ինչպես նաև Վինդոուս ֆոնի ու մինչ տարեվերջ բոլոր հարթակների համար:

Zangi հավելվածն արդեն 50 հազար ակտիվ օգտատեր ունի, այն բարձր ռեյտինգ է գրանցել Անդրոիդ մարկետում: Հավելվածը լայն տարածում ունի Քուվեյթում, Բահրեյնում, Սլովակիայում, Ղազախստանում, մարտի սկզբներին մարքետինգ կարվի Ռուսաստանում, իսկ մարտի կեսերին` Հայաստանում:

«Հայկական շուկան մի առաձնահատություն ունի մեզ համար. այն հաղորդակցություն է, և քանի որ մենք մեծ սփյուռք ունենք, եթե Հայաստանից մեկ օգտվող ունենանք, արտասահմանից կունենանք 2 օգտատեր»,-ասաց Վահրամ Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ մինչև 100 հազար օգտատեր կարող են ունենալ Հայաստանից, իսկ ընդհանուր առմամբ` ակնկալում են միլիոնավոր օգտատերեր առաջիկայում:

Անի Նազարյան

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ

Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է