«Երգ երգոց»-ը 5 տարեկան է. 405 հաղորդում հետևում
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 5 տարի յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի երեկոյան եթերում երգի տոն է. հայկական հեռուստաեթերի ամենապահանջված երաժշտական նախագծերից մեկն արդեն հինգերորդ տարին է հեռուստաէկրանների մոտ ու նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին:
«Երգ երգոց» նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր: Հաղորդավար Խորեն Լևոնյանն ամեն ելույթից առաջ ներկայացնում է երգն ու կատարողին, իսկ նախագծի ընթացքում տաղավարում ներկա երաժշտագետները, կոմպոզիտորներն ու մտավորական հյուրերը քննարկում են հնչած երգերը:

Պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբի շնորհիվ ստեղծված «Երգ երգոց»-ն այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից է: Երաժշտական նախագիծը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում Արցախում, ԱՄՆ-ում: 5 տարիների ընթացքում եթեր է հեռարձակվել շուրջ 405 հաղորդում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հանրային Հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, տոնական հոբելյանական թողարկումը Հանրայինի եթերում կլինի փետրվարի 8-ին՝ կիրակի:

Հաղորդավար Խորեն Լեւոնյանի խոսքով` «Երգ երգոցը» հնարավորություն է տալիս միջին եւ մեծ սերնդի ներկայացուցիչներին վերհիշել իրենց ժամանակի երգերը, որոնք իրենք լսել են, իսկ երիտասարդ սերնդի համար էլ լավ է, քանի որ ինֆորմացիա ստանալու առիթ է: Հաղորդման հաջողության գրավականներից մեկը Խորեն Լեւոնյանը թիմում ջերմ հարաբերություններն է համարում:
Դերասանի կարիերային զուգընթաց` Խորեն Լեւոնյանը այլ հաղորդում ևս կվարի, եթե հետաքրքիր առաջարկ ստանա: «Իսկ «Երգ երգոց» հաղորդումը պատրաստ եմ վարել այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի: Հաղորդումն աշխարհի տարբեր մասերում հային պահում է հայ՝ թե՛ խոսքով, թե՛ երաժշտությամբ»,-նշել է Լևոնյանը:
Հաղորդումը Խորեն Լևոնյանին հնարավորություն է տալիս իր յուրաքանչյուր շաբաթը լցնել հայկական ժողովրդական, աշուղական երգերով ու երաժշտությամբ, իսկ առօրյայում նա լսում և սիրում է տարբեր ոճերի երաժշտություն. յուրաքանչյուր ուղղության լավագույնը:

Հաղորդման պրոդյուսեր Աննա Գրիգորյանն էլ վերհիշում է, որ երբ առաջին անգամ 2010 թվականին եթեր մտան, դեռ չգիտեին, թե մինչև ուր կհասցնեն: «Տեսնելով մեր ազգային, ժողովրդական երգ-երաժշտության բացը այսօրվա հեռուստաեթերում՝ նման նախագիծ ստեղծելով, փորձեցինք լցնել այն: Կարճ ժամանակ հետո հաղորդումը սիրվեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ինչը մեզ համար բացահայտում էր»,-հայտնեց պրոդյուսերը: Աննայի խոսքով` «Երգ երգոցի» ստեղծագործական խումբը հաղորդման եթեր դուրս գալու առաջին օրից մինչ այսօր իր վրա վերցրել է շատ մեծ պատասխանատվություն՝ երևան հանել մոռացված հայրենասիրական, ժողովրդական երգերը եւ նման կերպ կատարել որոշակի ուսուցողական եւ դաստիարակչական ֆունկցիա: «Երգ երգոց» հաղորդման հաջողության գաղտնիքը Աննա Գրիգորյանը համարում է ճիշտ թիմային աշխատանքը: Թեև հաղորդումը 5 տարի եթերում է, այնուամենայնիվ, նրա կարծիքով չի սպառել իրեն, քանի որ հայկական երաժշտությունն ուսումնասիրության մեծ դաշտ է ապահովում:
«Երգ երգոցի» լավագույն բարեկամ, երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն, շնորհավորում է բոլորին, ոչ թե միայն «Երգ երգոցի» աշխատախմբին, երգիչներին, այլև ամբողջ ժողովրդին: ««Երգ երգոցը» սովորական ժամանացային հաղորդաշար չէ, այն շատ կարևոր առաքելություն է վերցրել իր վրա՝ տարածելու այն երգերը, որոնք պետք է լսելի լինեն հայ հասարակության մեջ: Դրա համար հաղորդումը ոչ միայն գեղագիտական արժեք է ներկայացնում իրենից, այլև դաստիարակչական, ինչու չէ նաև տեղեկատվական բնույթ ունի, սա բովանդակ երևույթ է, որը դարձնում է այս հաղորդաշարը կարեւոր բոլորիս համար: Մեր երեխաների, մեծերի համար շատ-շատ երգեր է վերհանում, որոնց վրա փոշի էր դրված: Շատ գնահատելի է այն փաստը, որ նոր անուններ են վերհանվում հաղորդման միջոցով»,-ընդգծել է երգիչը:

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի խոսքով էլ` 5 տարիների ընթացքում «Երգ երգոցն» իր համար եղել է ապրելակերպ: «Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կանգնած են այս հրաշալի նախագծի կողքին, որովհետեւ մեր մեծանուն վարպետները մեզ թողել են շատ մեծ ժառանգություն, որը հպարտության է արժանի: Այսօր կարեւորում եմ այն փաստը, որ հաղորդումը հայկական երգն ու երաժշտությունը ճանաչելի է դարձնում երիտասարդներին: Ժողովուրդը սիրում է այս նախագիծը, որովհետև հասկանում է, որ ունենք երգեր, որոնք անմահ են հավերժության մեջ: Հատուկ ակնածանքով շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի ողջ ստեղծագործական խմբին, կարևորում եմ երիտասարդների մուտքը «Երգ երգոց», որի շնորհիվ հայ ժողովուրդը հավատում է երգի ապագային»,-ասել է երգչուհին: