Հայ Առաքելական եկեղեցին երկար դադարից հետո ապրիլի 23-ին կսրբադասի Հայոց ցեղասպանության զոհերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցին այս տարվա ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերին կդասի սրբերի շարքը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա խոսքով` սրբադասումն աննախադեպ իրադարձություն է, քանի որ վերջին սուրբը, որ հռչակվել է և հիշատակվում է որպես տոնելի սուրբ, Հայրապետ Մովսես Տաթևացին է, ում սրբադասումը եղել է 18-րդ դարում:

«Հայ եկեղեցին սրբացում չի կատարում, այլ ճանաչում է սրբերի կամ այդ անձանց սրբությունը, որն արդեն իսկ տարածում է ունեցել մարդկանց մեջ կամ վկայություններով փաստված է եղել: Այս քայլը նաև նշանակում է, որ եկեղեցին ճանաչում է տեղի ունեցածը՝ ցեղասպանությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Սրբազանը` հավելելով, որ ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ կատարելու որոշումը կայացվել է նախորդ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած եպիսկոպոսաց ժողովի ժամանակ:

Սրբազանի տեղեկացմամբ` տեղի է ունենալու սրբադասման համար մշակված ծիսական արարողակարգ, որի ընթացքում էլ հատուկ բանաձեւով կատարվելու է սրբերի հռչակումը: «Արարողության ժամանակ ընթերցվելու է նաև սրբադասելիների վկայաբանությունը, կատարվելու է սրբապատկերների օծումը եւ մասունքարանների օրհնությունը»,-ասաց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Սրբադասման հանձնախումբը հստակ պայմաններ է սահմանել սրբապատկերի ստեղծման համար: «Սրբապատկերի ընտրությունը տեղի է ունեցել այդ ոլորտում որոշ փորձառություն ունեցող արվեստագետներին հանձնարարություն տալուց եւ պայմանները ներկայացնելուց հետո: Քննարկման տարբեր փուլեր անցնելով՝ պատկերները ներկայացվել են նաեւ 2014 թվականին գումարված եպիսկոպոսական ժողովին, որից կատարվել է ընտրությունը»,- հայտնեց բանախոսը:

Ինչ վերաբերում է շարականի ընտրությանը, ապա 2014 թվականին Էջմիածնում գումարված եպիսկոպոսական ժողովը հաստատել է, որ ցեղասպանության զոհերի սրբադասման շարական ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո միաբաններից լուսահոգի Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանի հեղինակած «Ապրիլյան նահատակներին» շարականի կանոնն իր բոլոր միավորներով:Սրբազանի խոսքով՝ արարողությանը ներկա են լինելու արևելյան քույր եկեղեցիների պետերն իրենց պատվիրակություններով: Ինչ վերաբերում է Հռոմի պապի մասնակցությանը, դեռ բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական պատասխան դեռևս չկա:

Սրբադասման կարգը կայանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեկնարկը հավանաբար կտրվի ժամը 16:00-ին, կավարտվի 19:15-ին, որը խորհրդանշելու է 1915 թվականը: Ավարտին կհնչեն աշխարհի բոլոր հայ եկեղեցիների զանգերը, ինչին կհետեւի մեր րոպե լռությունն ու տերունական աղոթքը:

Հայերեն English Русский

Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները. Նարիշկին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Հանքավանում մեկնարկել է FAST-ի և AMAA-ի AI մասնագիտությունների 2-րդ ճամբարը

Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից

Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը