Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստները շնորհավորել են Սուրբ Սարգսի տոնը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի խաղացողները շնորհավորել են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: «Երբեք մի մտածեք, որ դժվար է գրավել դիմացինի սիրտը, եթե ձեր հոգում կա սեր, ապա ցանկացած դժվարություն հաղթահարելի է»,-շնորհավորանքի խոսքում ասել է Մխիթարյանը: Ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մասնավորապես ասել է. «Կյանքում կան բաներ, որոնցից պետք չէ պաշտպանվել, անառիկ մի պահեք ձեր սրտերը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ևս միացել է շնորհավորանքներին, և շեշտել, որ հարկավորել է սիրել և ունենալ սիրո բարեխոս:
Ըստ Փավստոս Բուզանդի, բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Սուրբ Սարգիսը: Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Վերջինս շուտով հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը նրանցից պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: