Սփյուռք

Սանկտ Պետերբուրգում մատուցվել է Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակի պատարագ

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում մատուցվել է Ավետիսյանների  ընտանիքի անդամների հիշատակի պատարագ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը հունվարի 18-ին պատարագ է մատուցել հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագից հետո ելույթի խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել կատարված հանցագործությունը:

Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները գլխավոր հյուպատոսի մասնակցությամբ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

Այնուհետև եկեղեցու բակում Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով «Գյումրի» գրեցին, ինչը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Գրվածքը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքին:

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ քաղաքի բնակիչների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում