Պաշտոնական

Լիտվայի դեսպանը ցավակցել է Գյումրիի սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Լիտվայի դեսպանը ցավակցել է Գյումրիի սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ« Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ:Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ արդյունավետ համարել նախորդ տարվա փոխգործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Պետրիկասին՝ հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է թե Լիտվայի, թե Եվրամիության այլ երկրների հետ քաղաքական երկխոսության շարունակականության հարցում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասն իր եւ Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից խորին ցավակցություն է հայտնել օրերս Գյումրիում տեղի ունեցած եւ անմեղ մարդկային կյանքեր խլած սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ:

Իր հերթին արդյունավետ գնահատելով հայ-լիտվական նախորդ տարվա փոխգործակցությունն ու ձեռքբերումները՝ դեսպան Պետրիկասը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում հարաբերություններն առավել արգասաբեր եւ առարկայական կլինեն: Դեսպանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի՝ Լիտվայի Հանրապետություն այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում