ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ապրող հայերը, ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի, այսօր` հունվարի 14-ին, մոմավառություն կկազմակերպեն Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կազմակերպիչները միջոցառման անցկացման մասին հրավերը տեղադրել են նաեւ Facebook սոցիալական ցանցում, որին այս պահի դրությամբ միացել են Մոսկվայում ապրող մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նախաձեռնողները ծրագրում են մոմավառություն կազմակերպել նաեւ Մոսկվայում գործող հայկական եկեղեցում եւ աղոթել Ավետիսյանների ընտանիքի հոգու հանգստության համար:
Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին` ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը` հունվարի 15-ին ժամը 13:00-ին:
Հունվարի 13-ին Ազատության հրապարակում եւս կազմակերպել էին մոմավառություն, իսկ նախորդ օրը նմանատիպ մոմավառություն կազմակերպվել էր նաեւ Գյումրիում:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: