Արցախի ՊԲ-ն հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը` նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: