Արսեն Ջուլֆալակյանը Լատինական Ամերիկայից և օլիմպիական ոսկի է ուզում, և դիվանագետի պաշտոն
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2016 թվականի Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բավականին երկար ժամանակ կա, սակայն մարզիկներից յուրաքանչյուրի համար Ռիո տանող ճանապարհը «լցված է» ամենօրյա մարզումներով, դժվարին և հոգեբանորեն բարդ մրցաշարերով: Ռիոյի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի ձգտող մարզիների շարքում է նաև Արսեն Ջուլֆալակյանը, ով, բացի ամենօրյա մարզումներից, մրցաշարերից, շարունակում է ասպիրանտուրայում ուսանելը: Անցնող տարին Ջուլֆալակյանի համար բարեբերներից էր` աշխարհի չեմպիոնի կոչում, և թեզի ընտրություն ու դրա վրա աշխատանքի մեկնարկը:
-Արսեն, քիչ-քիչ համալրում ես մեդալներիդ հավաքածուն, այս տարի այն համալրվեց աշխարհի չեմպիոնի մեդալով: Ինչպես ես հիշում եմ, աշխարհի առաջնությանը դժվարությամբ հասար ցանկալի բարձունքին:
-Ինձ համար կարևորագույնը երեք մեդալներն են, որոնք մեկը մեկին ոչ զիջում են, ոչ էլ գերազանցում, դրանք Եվրոպայի չեմպիոնի, աշխարհի չեմպիոնի և Օլիմպիական խաղերի չեմպիոնի մեդալներն են: Երեքն էլ ինձ համար անչափ բարձր արժեք ունեն: Ունենալ երեք ոսկի. սա է նպատակս: Հիմա ունեմ Եվրոպայի և աշխարհի ոսկին: Աշխարհի ոսկե մեդալը. այն երազանքի իրականացումն էր, որն ունեի սպորտում: Քայլ առ քայլ մոտենում եմ այդ իդեալականին` հիմա արդեն կան երկուսը: Չնայած սա ավելի շոշափելի դարձրեց որակական այն հատկանիշները, որոնք ես ունեի: Եթե սպորտում լավագույնն ես եղել քո ասպարեզում, սակայն մեդալ չես նվաճել, շուտ ես մոռացվում: Եթե չունես շոշափելի ապացույց քո որակի մասին, բնականաբար, չես հիշվի, որն արդեն ցավալի է: Սա ինձ համար հասկանալի ու շոշափելի դարձավ արդեն 16 տարի համառորեն մարզվելիս: Ինձ համար դեռ ցավալի է Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունը, երբ արծաթե մեդալ նվաճեցի: Թերևս դա խթան հանդիսացավ, որ աշխարհի այս առաջնությունում ոսկե մեդալը նվաճեմ:
-Սպորտից դուրս էլ ինչով նշանավորվեց անցնող տարին:
-Մասնագիտության հարցում էլ «նվաճում» ունեցա, հաջողությամբ հանձնեցի ասպիրանտուրայի համար անհրաժեշտ քննությունները և սկսեցի աշխատել թեզի վրա: Միշտ էլ դժվար է ինչ-որ ձեռնարկ սկսելը: Թեզս սկսել եմ գրել այս տարի` 2014 թվականի սկզբին: Քննությունները ևս գերազանց հանձնեցի ու միաժամանակ դարձա աշխարհի չեմպիոն: Եվ, նաև նշեմ, որը ևս շատ կարևոր է ինձ համար, տարեվերջին մեր համալսարանը, որպես իր ուսանող, ինձ պարգևատրեց հաստատության ոսկե մեդալով:
-Արսեն, գիտեմ, որ թեզի համար ընտրել ես «1991-2002 թվականների թուրք-սիրիական հարաբերություններ»: Ինչո՞ւ հենց այս թեման:
-Սկզբում վերցրել էի երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից` 1945 թվականից մինչև 1991 թվականների հարաբերությունները: Ասեմ, թե ինչու եմ կոնկրետ սա վերցրել: Մագիստրատուրայիս պաշտպանության ավարտական թեման«Թուրք-ամերիկյան հարաբերություններն» էին: Արդեն ինչ-որ առումով առնչություն եղել էր Թուրքիայի հետ: Եվ այս անգամ սա ընտրեցի, որովհետև թեզիս ղեկավարը` Վահրամ Պետրոսյանը, կկարողանա մարզական այս ծանր ռեժիմի պայմաններում ինձ օգնել: Նա մասնագիտությամբ արևելագետ է, քրդագետ: 1991-2002թթ. ընտրեցի, որովհետև աշխարհաքաղաքական նոր իրականություն էր, ԽՍՀՄ փլուզում, Թուրքիայի դերի կարևորության բարձրացում, և Սիրիան, որտեղ ունեինք հայկական մեծ համայնք, անչափ մեծ դեր էր կատարում արաբական աշխարհում: Սրանք երկու ուժեր են, որոնք կարծում եմ, այդ շրջանում փորձում էին մեկը մյուսին հակակշռել: Եվ հիմա էլ բավականին հետաքրքիր է ուսումնասիրել այդ շրջանը և հասկանալ, թե այն ինչ հետևանք կունենա մեր տարածաշրջանի համար:
-Քեզ հետ զրույցի ժամանակ երևում է, որ դու, ի տարբերություն շատ մարզիկների, բանիմաց, ճկուն մտքով, տեղեկացված մարզիկ ես: Գուցե մի օր քեզ տեսնենք Սպորտի նախարարի աթոռին:
-Կարծում եմ` կրթությունս այնպիսին է, որ կարող եմ ամեն ինչ դառնալ, իհարկե, ոչ բժիշկ: Հենց միջազգայնագետի մասնագիտությունը ընտրելը մեծ հնարավորություն է տալիս լինել և դիվանագիտության մեջ, և քաղաքականության մեջ, և, իհարկե, սպորտի ասպարեզում: Սպորտը թողնելուց հետո որ բնագավառում ես կլինեմ, կախված է նրանից, թե ինձ հավատացող ու վստահող մարդիկ ինչ որոշում կկայացնեն, և, իհարկե, կարևոր է, թե ես անձամբ որտեղ եմ ինձ տեսնում կայացած, որն է ինձ համար ավելի հետաքրքիր և այնտեղ էլ կլինեմ: Անշուշտ, ամեն ինչ հնարավոր է, թե սպորտի և թե դիվանագիտության ասպարեզներում: Բայց ասեմ, որ ես շատ ավելի հակված եմ շարունակել դիվանագիտությամբ` լինի դա սպորտային դիվանագիություն կամ այլ դիվանագիտական աշխատանք:
-Այդ դեպքում ցանկանալի, նախընտրելի տարածաշրջան, երկիր ունե՞ս:
-Երբ դու այդ բնագավառում նորեկ ես, սկսնակ, պետք է հաշվի առնես քո կարողությունները, մասնագիտական «պաշարը»: Եթե, օրինակի համար, ասեմ, որ ինձ համար նախընտրելի է Արևմտյան Եվրոպան, չեմ կարծում, որ ճիշտ կլինի սկսել Արևմտյան Եվրոպայից: Ամեն պետություն, նաև` մեր պետությունը, ունի գերակայություններ ու շահեր, իսկ Եվրոպայի այդ հատվածը միշտ էլ եղել է գերակայություն, և այնտեղ նշանակել անփորձ մի անձնավորության ով գնալու է այնտեղ փորձ ձեռք բերելու, անշուշտ, սխալ է: Ես անձամբ, դա երբեք թույլ չեմ տա: Մասնագիտության բերումով ինձ համար շատ հոգեհարազատ են Լատինական Ամերիկայի երկրները` իրենց աուրայով, մտածելակերպով: Բայց զարգացման առումով Արևմտյան Եվրոպայում ինձ համար ուսանելի են անգլիական, ֆրանսիական դիվանագիտությունները:
-Արսեն, խոսեցիր Լատինական Ամերիկայի մասին, լսել եմ, որ ցանկութուն ունես իսպաներեն սովորելու, այդ երկրները սիրելուց է, թե՞ հետագա նպատակներն իրականացնելու մղումից: Սկսե՞լ ես արդեն:
-Ցավոք, ոչ: Կարծում եմ դրա համար ժամանակ կունենամ միայն թեզս ավարտելուց հետո: Քանի որ, եթե այսօրվա իմ ծանրաբեռնվածությանը մի բան էլ ավելացնեմ ժամանակակից տերմիններով ասած, «ծրագիրը կկախի»: Իրոք հիմա գերծանրաբեռնված եմ, լրջորեն իսպաներենով կսկեմ զբաղվել թեզս ավարտելուց հետո: Այո, հենց իսպաներենը հետագայում կարող է դրական դեր խաղալ դիվանագիտության մեջ` Լատինական Ամերիկայում պաշտոնավարելու համար:
-Արսեն, ասում են, որ ցանկություն ունես նաև գիրք գրելու:
-Շատ օրինաչափ կլինի, եթե թեզս հետագայում նաև գիրք դարձնեմ: Բայց դա այն գիրքը չէ, որ իսկապես ուզում եմ գրել: Շատ եմ ուզում, որ այն տարիները, որոնք անցկացրել եմ ազգային հավաքականում, և ոչ միայն ըմբշամարտում, անմահացնել գրքի տեսքով, որովհետև ասելիք շատ կա: Այնքան բան եմ տեսել` դրական, բացասական, այնքան փորձ ունեմ, որ կարելի է փոխանցել սերունդներին: Ցանկությունս մեծ է, քանի որ մեր` հայկական իրականության մեջ քիչ են այնպիսի մարզիկները, ովքեր նմանօրինակ գրքեր են գրել: Հուսամ` կգա ժամանակը և գիրքը գրելու, և նաև ֆիլմ նկարելու համար: Հավատացնում եմ, որ շատ հետաքրքիր կլինի, քանի որ երբ նայում եմ «Ռոքի» ֆիլմը, և համեմատում իմ անցած ուղու հետ, տեսնում եմ, որ եթե ոչ ավելի հետաքրքիր, ապա գոնե այդչափ հետաքրքիր կլինի:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի