Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերի ռմբակոծությունից և պայթյունից հայեր չեն տուժել

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերի ռմբակոծությունից և պայթյունից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիե թաղամասի հայաշատ Հաջ Հաբիբ շրջանը հրթիռակոծության է ենթարկվել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն արձանագրվել, վնասները միայն նյութական են: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:

Բացի այդ, դեկտեմբերի 7-ին՝ հետմիջօրեից հետո, ուժգին պայթյունը ցնցել է Հալեպ քաղաքը: Զինված խմբավորումների կողմից իրականացված պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մերձակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, որի հետևանքով նյութական և ֆիզիկական վնասներ են արձանագրվել: Պայթյունը երկրաշարժի է նմանվել, և քաղաքն ամբողջությամբ ցնցվել է:

Հալեպի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ, չնայած համայնքի անդորրը խաթարած այս իրադարձություններին, հայկական դպրոցներում արդեն զարդարել են տոնածառը, ինչը մեծ ուրախություն է պարգևել երեխաներին: Աղբյուրի տեղեկացմամբ` քաղաքում լուրջ խնդիրներ է ստեղծել վառելանյութի հարցը, մասնավորապես ջեռուցման, մեքենաների վառելանյութի, ինչպես նաև գազի բալոնների լիցքավորման խնդիր կա: Այդուհանդերձ, քաղաքում կյանքը շարունակվում է:

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց տներից և հայրենիքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում