ԼՂՀ ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի դիմումը ԿԽՄԿ-ին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը նոյեմբերի 13-ինդիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳ նախարարությունից, հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:

Հայերեն English Русский